Hraparak.am-ը գրում է.

Երեկ կառավարության նիստը բավականին կարճ տեւեց՝ օրակարգում ընդգրկված էին սակավաթիվ հարցեր, որոնք էլ արագ քննարկեցին, ավարտեցին։ Բայց դա բավական էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ շեղվեր քննարկվող հարցերի բուն էությունից ու հիշեր նախկիններին, «թալանչիներին» ու «կոռուպցիոներներին» եւ հերթական շոուն բեմադրեր կառավարության նիստի ուղիղ եթերում։ Փաշինյանի համար կարծես թե սովորական են դարձել հասարակության մի հատվածի համար նման տեսարաններ ցուցադրելը, որոնք գուցե լրացնեն այն ամենի պակասը, որն ունի այսօր ժողովուրդը։ Իսկ այդ տեսարանների բովանդակությունը հիմնականում ապահովում են, այսպես կոչված, «նախկինները», որոնցից մի ստվար հատված մոտ երկու տարի է՝ Փաշինյանի հետ նույն դահլիճում նստած լուռ լսում է, երբեմն էլ խոնարհաբար գլուխները տմբտմբացնում՝ ի հավանություն այն հայհոյանքների, որոնք հնչում են նախկինների հասցեին։ Այն նախկինների, որոնց թվում նաեւ իրենք են եղել ժամանակին։

Բայց Փաշինյանի երեկվա «ներկայացումը» միայն նախկինների մասին չէր, այլ «նախկին կոռուպցիոներներին» պատկանող հեռուստաընկերությունների, որոնք եթեր են տալիս իրեն ու իր կառավարության գործունեությունը քննադատողների խոսքը։ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ՀԿ-ները եւ լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից։ «Օրինակ՝ էսօր ՀՀ-ում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող․․․ ես նույնիսկ կասեի՝ ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակն էնքան բարձր ա, որ նույնիսկ կոռուպցիոներների հեռուստատեսություններ կան։ Առնվազն երկու հեռուստաալիքի դեպքում կարելի է էդ լոգոյի տեղը գրել «կոռուպցիա» կամ ««Կոռուպցիա գրուպ ընկերությունը» ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը Հայաստանում»։ Անկեղծ ասած՝ մեր ժողովուրդը դրա համար մեզ շատ ա մեղադրում, բայց ես առանձնապես դժգոհ չեմ էդ իրավիճակից, որովհետեւ կարծում եմ՝ նախ էդպիսի հեռուստաընկերությունների գոյությունը ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն ա բացահայտում, այլեւ նրանց շոշափուկների եւ մետաստազների, հետագայում, կարծում եմ, մեր օպերատիվ աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարում բավականին հեշտացնում ա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ նկատեց, որ այն լրատվական պատերազմը, որը, ըստ Փաշինյանի, տարվում է կառավարության եւ ժողովրդի դեմ, իրենց օգնում է, որ իրենք իրենց աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնեն։ Լրատվական պատերազմի ենթարկվող ու այդ մասին հիշող վարչապետը թերեւս չի նկատում, որ իր այս հայտարարություններով ու ելույթներով ինքն է փաստացի պատերազմ հայտարարում ԶԼՄ-ներին՝ պարբերաբար թիրախավորելով այս կամ այն լրատվամիջոցը։ Ժողովրդավարության գրավական համարելով այն, որ այսօր ինքը թույլ է տալիս, որ իր ղեկավարած երկրում լինեն իրեն քննադատող թերթեր ու հեռուստաընկերություններ, թերեւս չի գիտակցում այն պարզ ճշմարտությունը, որ նախ՝ ինքը դրանով ոչ մեկին լավություն չի անում, եւ հետո՝ այդ մասին խոսելն արդեն ժողովրդավարության պակասի մասին է խոսում։ Փաշինյանը, հավանաբար, մոռացել է նաեւ, որ ինքը մինչ օրս էլ հանդիսանում է մի լրատվամիջոցի սեփականատեր, նախկին խմբագիր, որն այդ նույն նախկինների օրոք բազմաթիվ դժվարությունների գնով պայքարել է խոսքի ազատության համար, եւ նրա հիմնադրած լրատվամիջոցի հասցեին որեւէ ղեկավար նման արտահայտություններ թույլ չի տվել։

Փաշինյանը նաեւ հաշվի չի առնում այն հանգամանքը, որ այդ նույն «կոռումպացված» հեռուստաընկերությունների տերերն էլ կարող է մի օր իր եւ իր լրատվամիջոցի մասին սկսեն խոսել, ինչը, բնականաբար, իրեն դուր չի գա։ Ի վերջո, սա փոքր երկիր է, փոքր դաշտ, բոլորը բոլորին շատ լավ ճանաչում են եւ շատ լավ գիտեն՝ որ «կոռուպցիոները» նախկինում որ լրատվամիջոցի հետ ինչ հարաբերությունների ու գործարքների մեջ է եղել, ով ում ինչ մեքենա է նվիրել եւ այսպես շարունակ։  Հուսանք՝ մեր գործընկեր վարչապետը մի օր այս նրբությունները եւս հաշվի կառնի։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը մտնում է մի դաշտ, որտեղից մաքուր չի կարող դուրս գալ։ Եվ, ի դեպ, «կոռուպցիա» տերմինն անգամ վարչապետը տեղին չի գործածում՝ կոռուպցիայի մեջ կարելի է մեղադրել գործող իշխանությանը, այլ ոչ թե ընդդիմությանը, անգամ եթե նա նախկինում իշխանություն է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել