Պացիենտը, որը մահացել է Երեւանում H1N1 գրիպից (որը ժողովրդի մեջ անվանվում  է «խոզի գրիպ»), մահացել է հունվարի 10-ին։ Կինը 39 տարեկան էր։

NEWS.am Medicine-ի խմբագրության տվյալներով՝ կինը 10 օրից ավելի ջերմությունով պառկել է տանը եւ բժշկի չի դիմել։ Նրան փորձել են բուժել ժողովրդական միջոցներով, իսկ հիվանդանոց տարել են միայն այն ժամանակ, երբ կորցրել է գիտակցությունը։

Պացիենտը հիվանդանոց է հասցվել ծայրահեղ ծանր վիճակում, շնչառական անբավարարությամբ եւ այլ խնդիրներով, որոնք առաջ էին եկել գրիպի բարդությունների հետեւանքով։ Նրան, ցավոք, չի հաջողվել փրկել։

Հայաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ անալիզները ցույց են տվել, որ պացիենտի մոտ եղել է H1N1 գրիպ։

Հիշեցնենք, որ H1N1-ը А գրիպի վիրուսի սերոտիպն է, որը կարող է ախտահարել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիներին։ Այս սերոտիպը 1918 թվականի համավարակի («Իսպանական գրիպ») եւ 2009-ի («խոզի գրիպ») պատճառն էր, սակայն, մասնագետների խոսքով, այսօր այն արդեն համարվում է «սովորական» սեզոնային գրիպ։ Բարդությունների հավանականությունը դրանով վարակվելու հետեւանքով ամենաբարձրն է փոքր երեխաների, տարեցների, հղի կանանց, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ։

Առայժմ հայտնի չէ՝ ունեցե՞լ է արդյոք մահացած պացիենտը քրոնիկական հիվանդություններ, բայց մասնագետները նշում են, որ նա օգնության համար չափազանց ուշ է դիմել։ Հայաստանի քաղաքացիներին նրանք կոչ են անում  դիմել պոլիկլինիկա ըստ բնակության վայրի, գրիպի եւ վերին շնչուղիների սուր վարակների դեպքում, իսկ եթե պացիենտի վիճակը վատանում է, անհապաղ պետք է դիմել հիվանդանոց։

Հունվարի 16-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով դիմել է 848 պացիենտ նախորդ տարվա նույն օրվա 1960 պացիենտի փոխարեն՝ նվազելով 2,3 անգամ:

Բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների կայունություն է արձանագրվում. այսօրվա դրությամբ հոսպիտալացված է 711 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,1 անգամ), որի 95,6%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները, մասնավորապես՝ Երևանի մանկական բժշկական կազմակերպություններում:

Հունվարի 15-ին արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 70 կանչ նախորդ տարվա 107 կանչի փոխարեն, թոքաբորբերով՝ 15 կանչ, նախորդ տարվա 26 կանչի փոխարեն:

Շարունակվում է գրիպի Ա H1N1 և Բ տեսակների, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս) շրջանառությունը:

Կրթական կազմակերպություններում ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման, դիտարկման արդյունքներով` հունվարի 16-ի դրությամբ ջերմային ռեժիմի շեղումներ արձանագրվել են 142 դպրոցում և 22 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարությունը շեղումների մասին օրական կտրվածքով տեղեկացնում է համապատասխան կառույցներին:

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում.

  • Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով ձեր հաշվառման պոլիկլինիկա,
  • Խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • Եթե հիվանդ եք, մնացե´ք տանը,
  • Եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • Հագնվե´ք եղանակին համահունչ,
  • Պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • Օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • Հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • Հետևե´ք անձնական հիգիենային։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել