Ավստրալական ծագմամբ դերասանուհի Քեյթ Բլանշեթը կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի հիմնական մրցույթի միջազգային ժյուրին: Այդ մասին հունվարի 16-ին հայտարարել է Վենետիկյան բիենալեի տնօրենությունը՝ տեղեկացնում է TASS-ը:

«Քեյթ Բլանշեթն ավելին է, քան պարզապես ժամանակակից կինոյի կուռքը, որին նկարահանում են վերջին քսան տարվա ամենահայտնի ռեժիսորները: Նրա ավանդն արվեստում, հասարակական կյանքում, շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում, կինոինդուստրիայում կանանց դերի պաշտպանության գործում, որտեղ դեռևս գերակշռում են նախապաշարումները, արժանի են ողջ հասարակության հարգանքին»,- ասել է ստուգատեսի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան:

Անցյալ տարի 50-ամյակը նշած Բլանշեթն ամենաճանաչված դերասանուհիներից մեկն է, որն ԱՄՆ-ում ակտիվորեն նկարահանվել է ինչպես մեյնսթրիմի կինոյի նախագծերում, այնպես էլ հեղինակային կինոնկարներում: Նրա ծառայությունների ցուցակում ավելի քան հիսուն դեր է կինոյում և մի քանի տասնյակ թատերական աշխատանք: Բլանշեթը «Օսկար»-ի կրկնակի և «Ոսկե գլոբուս»-ի եռակի մրցանակակիր է, ինչպես նաև մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր, որոնց թվում է Վենետիկի Վոլպիի գավաթը՝ կնոջ լավագույն դերի համար:

Վենետիկի՝ թվով 77-րդ կինոփառատոնը՝ աշխարհի ամենահին ստուգատեսը, տևելու է սեպտեմբերի 2-12-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել