Իտալիայի Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի գիտնականները Արեգակնային համակարգի հարևանությամբ գտնվող Պրոկսիմա Ցենտավրա աստղի շուրջ պտտվող  նոր մոլորակի նշաններ են հայտնաբերել, հաղորդում է Science Alert-ը:

Հնարավոր նոր օբյեկտը հայտնաբերվել է աստղի ճառագայթային արագության դիտարկման ժամանակ: Պարզվել է, որ աստղի դիրքը մի փոքր փոխվում է, և դա պայմանավորված չէ մեկ այլ մոլորակի՝ Proxima b-ի շրջապտույտով:

Նոր մոլորակը, որը կոչվում է Proxima c, ամենայն հավանականությամբ պատկանում է գերերկրային դասին, այսինքն՝ Երկրագնդից ավելի մեծ զանգված ունի, բայց զիջում է սառցե հսկա Նեպտունին: Այն պիտանի չէ ապրելու համար, քանի որ լուսատուից մեծ հեռավորության վրա է գտնվում: Հնարավոր է սա սառած աշխարհ է կամ ջրածնահելիումային մթնոլորտ ունեցող մոլորակ: Սակայն, սովորաբար այդպիսի երկնային մարմինները չեն ձևավորվում նման վայրերում:

Հետազոտողները դեռ կասկածներ ունեն մոլորակի իրական գոյության վերաբերյալ: Հավանական է, որ աստղի դիրքի նկատվող տատանումները կապված են նրա սեփական ակտիվության հետ: Հետագա հետազոտությունները կօգնեն լուծել այս խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել