168.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անել ստանդարտ հայտարարություններ, և, եթե այսօր ասում է, որ որոշ հեռուստաընկերություններ իրենց լոգոյի փոխարեն պետք է գրեն՝ «կոռուպցիա», ապա թող բարի լինի և տա նաև այդ հեռուստաընկերությունների անունները։ 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսօր ասաց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը։

«Երբ ինքը խոսում է կոռուպցիայի մասին, ապա նման բան հնարավոր է իր իշխանության ժամանակ, որովհետև նախկինների ժամանակ տեղի ունեցած կոռուպցիայի համար այդ մարդիկ արդեն պետք է դատապարտված լինեին։ Հիմա վարչապետը պետք է ինչ-որ ապացույցներ ներկայացնի, որ այսօր այդ հեռուստաընկերությունների սեփականատերերը կոռուպցիոներներ են, որից հետո նման հայտարարություն անի, այլապես, դա, իմ ընկալմամբ, ճնշում է մամուլի վրա, որ այդ ընդդիմադիր մամուլն իր դեմ չխոսի և չաշխատի»,- ասաց Ապիկյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ երբ վարչապետն ասում է, որ երկրում ժողովրդավարությունն այն մակարդակի վրա է, որ կան այդպիսի հեռուստաընկերություններ, նույն նախադասության մեջ հակասում է իրեն երկու անգամ։

«Եթե ժողովրդավարություն է, ապա պետք է լինի խոսքի ազատություն։ Դու չես կարող անմեղության կանխավարկած խախտել և պիտակներ կպցնել։ Ապացուցի՛, թե չէ իրականում մեր բոլոր ԶԼՄ-ների վրա կարելի է տարբեր պիտակներ կպցնել, այդ թվում և՝ վարչապետի ընտանիքին պատկանող ԶԼՄ-ի վրա»,- ասաց Ապիկյանը։

Խոսելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին այսօր կառավարության որոշմամբ հատկացված 26 միլիոն դրամով հեռուստաընկերությունների վարկանիշը չափող ընկերությունում աուդիտ անկացնելու մասին՝ Ապիկյանը նկատեց, որ, եթե խախտվել է հակամենաշնորհային օրենքը, ապա օրենքի տեսանկյունից պետք է նայել հարցին։

Դիտարկմանը, որ վարչապետն այսօր Կառավարության նիստի ժամանակ չխոսեց օրենքի մասին, այլ հստակ ասաց, որ հեռուստաընկերությունների վարկանիշը չափող ընկերությունն ու գովազդային գումարները բաշխող ընկերությունը գտնվում են նախկին ղեկավարության հետ առնչություն ունեցող, այդ թվում՝ նաև ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո, Ապիկյանը հակադարձեց, որ սխալ է անձնավորված պայքար տանելը։

«Դա նշանակում է, որ նորից անձնավորվում է և նորից ճնշում է գնում կոնկրետ անձանց վրա։ Յուրաքանչյուր տեղ, որտեղ կա մենաշնորհ, պետությունը պետք է գնա հակազդելու, և ոչ թե՝ պատժելու մեթոդներով։ Բացի այդ, մենաշնորհները չեն վերանա ինչ-որ կազմակերպություններ ընդամենը փակելով. օրենքով է պետք գործել»,- ասաց նա։

Ըստ Ապիկյանի՝ ինքն այստեղ այլ խնդիր է տեսնում, որի պատճառը իշխանությունների նկատմամբ քննադատության աճն է։

«Ես տեսնում եմ, որ իշխանությունների նկատմամբ քննադատությունն աճում է, իսկ ԶԼՄ-ները դա բարձրաձայնում են, ինչը մտահոգում է Կառավարությանը, բայց այդ մտահոգությունը պետք է ստիպի կառավարությանը ավելի լավ աշխատել։ 21-րդ դարում փակելու տարբերակը չի աշխատում։ Ուզում ես 10 հեռուստաընկերություն փակել, փակի, դրա տեղը 10 հատ ուրիշը կբացվի, ի վերջո, մենք ապրում ենք ինտերնետի և սոցիալական մեդիաների դարում։ Եթե ուզում են իրավիճակ փոխել, կարող են Ֆեյսբուքը փակել, բայց դրանից առաջինը կտուժեն իրենք, որովհետև ֆեյսբուքակրատիան իրենք են հորինել Հայաստանում, դա միշտ իրենց գործիքն է եղել։ Նիկոլ Փաշինյանը եթե օրվա մեջ մի անգամ ուղիղ եթեր չմտնի, ինձ թվում է, նա այդ գիշեր չի քնի»,- ասաց Արեն Ապիկյանը։

Անդրադառնալով վերջին օրերին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի շուրջ ծավալվող զարգացումներին՝ Ապիկյանը նշեց, որ Արթուր Վանեցյանը վտանգավոր է այսօրվա իշխանությունների համար, քանի որ տիրապետում է մեծ ծավալի տեղեկատվության։

«Արթուր Վանեցյանն էլ իր հերթին՝ ակնարկում է, որ, եթե իր հանդեպ ճնշումները ավելանան, կարող է ասել բաներ, որոնք այս իշխանությունը չէր ուզի, որ հայտնի դառնան»,- ասաց Ապիկյանը՝ ընդգծելով, որ Վանեցյանը հավաբանար կկարողանա ելքեր գտնել այն ժամանակ, երբ զգա, որ կա իրեն չեզոքացնելու վտանգ։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանում իշխանությունների ասած ճգնաժամը հաղթահարելու ելքերին՝ Արեն Ապիկյանն ասաց, որ այլևս չկա որևէ օրինական ճանապարհ Սահմանադրական դատարանից ազատվելու, քանի որ իշխանությունը գործի դրեց իր վերջին տարբերակը՝ փորձեց կաշառել։

«Առնվազն երկու տարի է պետք, որպեսզի կարողանան սահմանադրություն փոխել, Սահմանադրական դատարանը ցրել, սակայն հարց է՝ երկու տարի այս իշխանությունները կձգե՞ն։ Օրինական ճանապարհներ այլևս չկան, երկրորդ ճանապարհը տեռորն է՝ տեսեք, արդեն խոսվում է մարդկանց արտաամուսնական կապերի մասին, մտել են մարդկանց անկողին, բայց չէ՞ որ արտաամուսնական կապի համար մարդուն չեն կարող ոչ աշխատանքից հեռացնել, ոչ դատել։ Այդ ամեն ինչն արվում է շատ մանկական ձևով, շանտաժով, չի աշխատելու։ Ես վստահ եմ, որ որևէ բան տեղի չի ունենալու»,- ասաց Ապիկյանը՝ ընդգծելով, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը գտնվում է փակուղում, միջազգային կառույցներից ստանում է ազդակներ և չգիտի, թե էլ ինչ անի, որպեսզի ամբողջ աշխարհով մեկ խայտառակ չլինի։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել