Այսօր կառավարության նիստի ժամանակ մեր երկրի ոչ բարով վարչապետ հանդիսացող անձը հայտարարեց, որ նրան դուր չեն գալիս ՀՀ-ում գործող թվով երկու հեռուստաընկերություն։ Ինձ թվում է, որ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ այդ նշված հեռուստաընկերություններից մեկը «5-րդ ալիքն» է։ Սովորության համաձայն՝ այս անգամ էլ նա ձեռնպահ չմնաց այդ հեռուստաընկերությունների ուղղությամբ ցեխ շպրտելուց և նրանց մեղադրելուց կոռուպցիայի մեջ։ Հաշվի առնելով նրա կողմից արտաբերված մշտական ստի չափաբաժինը՝ չեմ կարծում, որ որևէ խելամիտ մարդ կհավատար այս ստին։ Բայց, ինչևէ, ունենք այն, ինչ ունենք։ Եվ այսքանից հետո դժվար թե հարց առաջանա, թե ինչի համար է այսօր «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը գտնվում ապօրինի կալանքի տակ․ բացի նրանից, որ նա հանդիսանում է նախագահ Քոչարյանի աջակիցը, նա նաև ազատ մամուլի ջատագով է։

Որպես ազատ խոսքի ջատագով՝ փորձում էր ժամանակին ներկայանալ նախկին խմբագիր, ներկայիս վարչապետ Փաշինյանը, բայց 20 դոլարով կեղծ հոդվածներ տպագրող մարդը չի կարող խոսել ազատ մամուլից և խոսքի ազատությունից։ Իսկ ինչ վերաբերում է նրա այն արտահայտությանը, որ նա խաղադրույքներ է սկսել կատարել հեռուստաալիքները թերթելիս, արդեն իսկ վատ նշան է․ մի մարդ, ով առանց որևէ ապացույցի (ինչպես և միշտ) մեղադրում էր նախկին իշխանություններին կազինոներում միլիոնավոր դոլարներ կրվելու համար, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարում է իր խաղադրույք կատարելու մասին։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել