Panorama.am-ը գրում է.

Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում հարկային արտոնություն տրամադրեց  «ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ, ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ինչպես գործադիրի այսօրվա նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, նախագծով առաջարկվում է ապրանքների արժեքն ավելացնել 1,6 մլրդ դրամով, որի արդյունքում ներդրումային ծավալը կազմելու է 3,3 մլրդ դրամ:

Նրա խոսքով՝ ընկերությունը,  որը Կոտայքի մարզում զբաղվում է ձիթապտղի վերամշակմամբ և արտադրությամբ,  առաջին արտոնությունը ստացել է 2019 թվականին։

Ավագ Ավանեսյանը նշեց, որ ընկերությունը նպատակ ունի ավելացնել արտադրության և արտահանման ծավալները։  Ըստ նրա՝ արտադրանքի արտահանման հիմնական շուկան լինելու են ԵԱՏՄ երկրները, սակայն ընկերությունը փորձելու է նաև մուտք գործել երրորդ երկրներ:

Ըստ նախագծի՝ ընկերությունը առաջին փուլով ներմուծել է հումք` ձիթապտղի վերամշակման և արտադրության համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 1.7 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 1.6 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 15 նոր աշխատատեղ և իրականացվել 25 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում ձիթապտուղ աճեցնելու փորձեր արդեն կան, բայց չի կարծում, որ արդյունաբերական ծավալներով ձիթապտուղ կարող են աճեցնել. «Չնայած եղանակը որ այս տեմպերով փոխվի, մյուս տարվա վերջին երևի կսկսենք ձիթապտուղ աճեցնել։ Իսկ կիվի արդեն աճեցնում են, և բավականին լուրջ ծավալներով»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել