168.am-ը գրում է.

Ավտովարորդները Կառավարության մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ ճանապարհային երթևեկության տուգանքների բալային համակարգի։

Նրանք նշում էին, որ բալային համակարգի պատճառով տաքսիստներն ու առաքիչները շատ կարճ ժամանակահատվածում կզրկվեն վարորդական իրավունքից, քանի որ մի շարք բացթողումներ կան օրենքում. հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ կայանման խնդիր է լինելու: Առաքիչը խանութ ապրանք է բերում, բայց ստիպված երկրորդ գիծ է կանգնում, որովհետև այլ տարբերակ չկա:

Ավելին, նրանց փոխանցմամբ, օրենքը բոլորի համար չէ, քաղաքում կան ռուսական համարներով մեքենաներ, որոնք դուրս են մնում բալային համակարգից:

Առաջարկում էին կա՛մ բալերը շատացնել, կա՛մ էլ այնպես անել, որ միաժամանակ և՛ չտուգանվեն, և՛ բալերից չզրկվեն:

«Եթե մարդը հանցանք է գործում, մեկ անգամ պատժվում է՝ ամրագոտի չկապելու, ծխելու, հեռախոսով խոսելու համար: Նախկինում 5000 դրամ էր տուգանքը, հիմա սարքել են 10.000 դրամ, դրա հետ միասին՝ հանում են նաև բալ: Հա, օրենքով, եթե դուք ձեր մեքենայում եք ծխում, տուգանվում եք 7000 դրամով, իսկ տաքսիստը՝ 20.000 դրամով: Տաքսիստի ծուխը երևի 3 անգամ շատ է: Ուղևորներ կան, որ խնդրում են չծխել, ու տաքսու վարորդն այդպես էլ անում է, բայց եթե ձեր մեքենայով եք գնում, ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի չեն ու այդ ծուխը չեն շնչո՞ւմ: Եթե անցած տարի տաքսիստը 100.000 դրամ էր աշխատում, այս տարի կարո՞ղ է՝ 300.000 դրամ է ստանում, որ 5000-ը 10.000 դրամ եք դարձրել: Տաքսու վարորդների նկատմամբ պետք է մեղմ լինել»,- ասաց տաքսու վարորդներից մեկը:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ առաջարկեց կարգավորել ոլորտը:

«Բալային համակարգը տաքսու վարորդների նկատմամբ կիրառելը, երբ չունենք լիցենզավորված տաքսիստ, աբսուրդ է: Մարդիկ ուզում են կազմակերպություն լինի, իրենք էլ թոշակ ստանան, գնան բժշկի: 10 տարի է՝ նույն բանն ասում ենք»,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել տեսանկարահանող սարքերով և արագաչափերով արձանագրված խախտումների մասին դրույթները, իսկ սեպտեմբերի 1-ից խախտումները ոչ միայն կարձանագրեն, այլև բալերից կզրկեն նաև ավտոտեսուչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել