Hraparak.am-ը գրում է.

Մոտ մեկ ամիս առաջ ՀՅԴ Բյուրոն որոշում է կայացրել եւ կուսակցության շարքերից հեռացրել ՀՅԴ պաշտոնաթերթ համարվող «Դրոշակի» երկարամյա նախկին խմբագիր Նազարեթ Պերպերյանին։

Պատճառը Պերպերյանի հեղափոխական կեցվածքն է, որը, պարզվում է, այժմ համարվում է շեղում ՀՅԴ քաղաքական գծից։ Պերպերյանը հաճախ է հանդես գալիս գործող իշխանություններին գովերգող տեսակետներով, պրոիշխանական կամ պրոնիկոլական գրառումներ է կատարում, ինչը դեմ է Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ընդդիմացող, նրա ամեն մի քայլը քննադատող Դաշնակցության գաղափարներին։ Պերպերյանին մեկ-երկու նախազգուշացում են տվել, երբ տեսել են՝ բան չի փոխվում, ՀՅԴ Բյուրոն որոշել է հեռացնել «անհնազանդ» կուսակցականին իր շարքերից։

Այստեղ ուշագրավ է այն, որ 2018 թվականին, երբ Սերժ Սարգսյանին մերժած Նիկոլ Փաշինյանը պետք է նախորդ խորհրդարանի աջակցությունն ստանար, որ վարչապետ ընտրվեր, այն ժամանակ դեռ Փաշինյանի քայլերը ողջունող, բայց հոգով-սրտով Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հետ դաշնակից Դաշնակցությունն իր շարքերից հեռացրեց Աղվան Վարդանյանին, որը համարձակվել էր ՀՅԴ այդրոպեական քաղաքական գծից շեղվել եւ ԱԺ ամբիոնից քննադատել Փաշինյանին ու նրա իրականացրած հեղափոխությունը՝ հայտարարելով, որ ձեռնպահ է քվեարկելու Փաշինյանին վարչապետ ընտրելու ժամանակ։ Մեկ տարի պահանջվեց, որ ՀՅԴ-ն հանգի ՀՅԴ-ից հեռացված Վարդանյանի դիրքորոշմանը, սակայն Աղվան Վարդանյանին չեն վերականգնել կուսակցության մեջ, եւ նոր կուսակցականներ են հեռացվում ՀՅԴ-ից՝ ճիշտ հակառակ պահվածքի համար։ Ստացվում է՝ նախկինում ՀՅԴ-ից հեռացվում էին Նիկոլին քննադատելու համար, այսօր՝ Նիկոլին պաշտպանելու համար։ ՀՅԴ-ի այս երկակի ստանդարտների մասին խոսեցինք ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ։

Վերջինս մեզ հենց այդպես էլ ասաց՝ Պերպերյանը հեռացվել է ՀՅԴ քաղաքական գծից շեղվելու համար։ «Եթե ուշադրություն դարձնեք Նազարեթ Պերպերյանի կողմից վերջին մեկ տարվա հրապարակումները եւ տարբեր գրառումներ, ակնհայտ կլինի․․․ կուսակցության քաղաքական գծից շեղում է եղել»։

- Ուշադրություն դարձրել եմ եւ նկատել եմ, որ Պերպերյանը ավելի շատ պրոիշխանական գրառումներ է անում։ Դա շեղո՞ւմ է ՀՅԴ քաղաքական գծից։

- Խնդիրը պրոիշխանական կամ հակաիշխանական լինելը չէ, կուսակցությունն ունի քաղաքական գիծ, եւ քաղաքական գծից հրապարակային շեղումները կուսակցության կարգապահական կանոններին դեմ են։

- Այսինքն՝ օրվա իշխանությանը դեմ կամ կողմ լինելը ՀՅԴ քաղաքական գծից շեղո՞ւմ է համարվում, որեւէ կետ կա՞ ձեր կանոնագրքում, որ դաշնակցականը չպետք է լինի օրվա իշխանությանը կողմ կամ դեմ։

- Նորից եմ կրկնում՝ խնդիրը կողմ կամ դեմ լինելու մեջ չի, կուսակցությունն ունի քաղաքական գիծ։ Այդ քաղաքական գծի շրջանակներում հրապարակային արտահայտությունները պետք է համահունչ լինեն կուսակցության քաղաքական գծին։ Այսօր Դաշնակցությունը՝ որպես արտախորհրդարանական քաղաքական ուժ, հանդես է գալիս իբրեւ ընդդիմադիր քաղաքական ուժ։ Օրինակի համար մենք երբեք անցնող մեկուկես տարվա ընթացքում, իբրեւ քաղաքական ուժ, մեր պաշտոնական որեւէ հաղորդագրության մեջ, կամ ՀՅԴ ղեկավար անձանցից որեւէ մեկը «հեղափոխություն» տերմին չի օգտագործել։ Մեզ համար դա եղել է համաժողովրդական շարժում, եւ մեր բազմաթիվ հայտարարություններում, ասուլիսներում մենք մշտապես դրա մասին ենք խոսում։ Եթե ըստ Նազարեթ Պերպերյանի դա հեղափոխություն է, մեզ համար հեղափոխություն չի։ Էստեղ խոսքը նաեւ տերմիններին է վերաբերում, ձեւակերպումներին։

- Եթե այդ համաժողովրդական շարժման մասնակիցները՝ ժողովուրդը, այդ իրադարձությունների արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները համարել է հեղափոխություն, դուք էլ հայտարարել եք, որ ժողովրդի կողքին եք, ինչո՞վ է Պերպերյանի բնութագրումը հակասում, որը չի շեղվում ժողովրդի ձեւակերպածից։

- Հեղափոխության որակումը նայած թե ով ինչպես է տալիս՝ ինչ հիմնավորմամբ։ Մենք համարում ենք, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն։ Իշխանափոխությունը բոլորովին չի նշանակում, որ դա անպայման պետք է որակել որպես հեղափոխություն։ Իշխանափոխությունից հետո կար շանս, հնարավորություն, որպեսզի հեղափոխություն տեղի ունենար Հայաստանում։ Բայց ինքնին իշխանափոխությունը չի նշանակում հեղափոխություն։

- Ես հիշում եմ՝ 2018-ին Աղվան Վարդանյանին էլ հեռացրիք ՀՅԴ շարքերից Փաշինյանին ու հեղափոխությանը դեմ արտահայտվելու համար։ Հիմա էլ Փաշինյանին կողմ արտահայտվելու համար եք, փաստորեն, հեռացնում։

- Վահե ջան, նորից եմ կրկնում՝ խնդիրը դեմ կամ կողմ լինելուն չի վերաբերում։ Այսինքն՝ էդ տեսանկյունից պետք չի մոտենալ հարցերին, որովհետեւ նույն Աղվան Վարդանյանի պարագայում ճիշտ հակառակ վիճակն էր։ Բայց կար քաղաքական որոշում, քաղաքական ուղեգիծ, եթե դրանից շեղում է լինում հրապարակային, ներկուսակցական իմաստով, ի սեր Աստծո, որեւէ խնդիր չունենք, ցանկացած ընկեր ազատ է իր տեսակետն արտահայտել, բայց երբ որ դա արդեն դառնում է ժողովի որոշում եւ գործադրվող քաղաքականություն, այդ քաղաքականությունը պետք է հարգեն կուսակցականները։

- Բայց կարծես թե Դաշնակցությունն է հաճախակի շեղվում իր քաղաքական գծից՝ մի օր ընդդիմադիր է, մի օր իշխանամետ է, մեկ տարվա ընթացքում մե՛կ պաշտպանում է հեղափոխության առաջնորդին, մե՛կ քննադատում նրան։

- Չէ, ամեն ինչ ունի իր բացատրությունը։ Եթե այդ ամբողջը ժամանակի մեջ դիտարկենք, էդ Ձեր ասած հակասություններն ի չիք կդառնան։ Մեր ակնկալիքն ի՞նչ էր, որ Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական պահանջը արդյունավորվի, երկիրը դուրս բերվի զարգացման նոր բնագծեր, նոր հուն տեղափոխվի։ Եվ մենք փորձել ենք մեր անկեղծ աջակցությունը բերել։ Որոշ ժամանակ հետո մենք անդրադարձանք, որ այդ ակնկալիքներն իրականություն չեն կարող դառնալ տարբեր պատճառներով։

- Ամեն դեպքում, Դաշնակցությանը միշտ մեղադրել են հեղհեղուկ, հաճախակի փոխվող քաղաքական կողմնորոշումների մեջ՝ նախորդ 10 տարիների ընթացքում էլ մե՛կ ընդդիմություն էիք, մե՛կ իշխանություն։

- Բայց դրանք բխում են հստակ նպատակադրումներից, եւ դրանով են պայմանավորված։ Ես շատ պարզ ասացի՝ մեր ակնկալիքը եղել է այն, որ իրականում հնարավորություն կար, որպեսզի մեր երկիրը զարգացման նոր հուն տեղափոխվի։ Բայց կարճ ժամանակ հետո մենք՝ ինքներս, անդրադարձել ենք, որ օրվա իշխանությունների հետ նման հույսեր պետք չի փայփայել, որովհետեւ կա հստակ աշխարհընկալման տարբերություն։ Բայց, ամեն դեպքում, փորձել ենք, հիմա որ չի ստացվել, դա մեր մեղավորությունը չի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել