Օսկարակիր ռեժիսոր Սփայք Լին գլխավորելու է Կաննի 73-րդ կինոփառատոնի ժյուրին, որը տեղի կունենա մայիսի 12-ից մինչեւ 23-ը: Այդ մասին հունվարի 14-ին հայտնել է փառատոնի մամուլի ծառայությունը։

«Ամերիկացի ռեժիսոր Սփայք Լին հանդես կգա որպես Կաննի հաջորդ փառատոնի ժյուրիի նախագահ: Իր կյանքի 62 տարիների ընթացքում այս ռեժիսորը, որը նաեւ սցենարիստ է, դերասան եւ պրոդյուսեր, ստեղծել է բազմաթիվ կուլտային ֆիլմեր, ինչպես նաեւ արծարծել է ժամանակակից կինոյի բազմաթիվ հարցեր ու վիճելի պահեր»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ժյուրիի ամբողջ կազմը կհայտարարվի ապրիլի կեսերին:

Ռեժիսորը երեք անգամ դարձել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր՝ 1986, 1991 եւ 2018 թվականներին: Իր կարիերայի ընթացքում Լին նկարահանել է ավելի քան 70 ֆիլմ. նրա առավել հայտնի աշխատանքների թվում են՝ «Չեն բռնել՝ գող չէ» (2006 թ), «25-րդ ժամը» (2002 թ.) եւ «Անտեսանելի երեխաները (2005 թ.) ժապավենները:

Կաննի կինոփառատոնը, որը համարվում է ամենահեղինակավոր եւ ազդեցիկ միջազգային փառատոներից մեկը, ամեն տարի անցկացվում է Ֆրանսիայի հարավի Կանն քաղաքում: Ժյուրիի կազմը ձեւավորվում է փառատոնի ղեկավարության որոշմամբ: Տարբեր տարիների ժյուրին գլխավորել են ռեժիսորներ Բեռնարդո Բերտոլուչին (Իտալիա), Մարտին Սքորսեզեն (ԱՄՆ), Լյուկ Բեսոնը (Ֆրանսիա), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել