168.am-ը գրում է.

Երկու օր Եղվարդում սկսված՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքը փակելու վերաբերյալ բողոքի ակցիայից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքականությունը փոխել է: Բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքը չփակելու մասին այսօր՝ Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո,  հայտնել էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ ասելով, թե ծննդատունը չփակելու քաղաքական որոշում կա:

Հենց այդ հայտարարությունից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարարը ևս հաստատեց  լուրը, հավելելով, թե այս պահին քննարկում են Եղվարդի բժշկական կենտրոնը մորատորիումի ենթարկելու հարցը:

«Կոտայքի մարզպետի հետ խոսել եմ այստեղ գալուց առաջ ու գիտեմ, թե նա ինչ է հայտարարել: «Նաիրի» կենտրոնը  միակն է, որը մոտ է 150 թվին և առնվազն չունի թերություններ սարքավորումների, կադրերի և ծառայությունների մասով: Եվ մենք հիմա քննարկում ենք՝ արդյո՞ք արժի «Նաիրի» բժշկական կենտրոնում որոշակի ժամանակով մորատորիումի նման մի բան անել, որ հասկանանք՝ իրենք ի վերջո 150-ի կձգտե՞ն, կհասնե՞ն, թե՞ չէ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարի խոսքով՝ նման բանակցություններ վարվում են նաև փակվելու ցանկում հայտնված մյուս այն ծննդատների հետ, որոնք ռեալ հնարավոր է, որ  հասնեն մինիմալ՝ տարեկան 150 ծնունդ ապահովելու թվին: Այդուհանդերձ կա բայց:

«Դա պետք է լինի պահանջ-պայմանների կատարմամբ, ոչ թե միայն թվով: Եթե չկա վիրահատարան, չկա ինտենսիվ թերապիա, եթե ծննդատանը նույնիսկ անեսթեզիոլոգ չկա, ապա դրա մասին խոսք լինել չի կարող, քանի ճանապարհ ուզում ա՝ փակեն: Դա սկզբունք է»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել