168.am-ը գրում է.

168.am-ի խմբագրություն այցելած Հայ-ռուսական սլավոնական համալսարանի նախկին դասախոս, կրիմինալիստիկայի կաբինետի ղեկավար Վանիկ Հարությունյանը խիստ վրդովված էր ու իր բողոքի ձայնը բարձրացրեց Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի՝ իր խոսքերով՝ ապօրինի գործողությունների, պաշտոնական դիրքի չարաշահման ու ինքնիրավչության դեմ: Վերջինիս մեղադրեց նաև յուրացում կատարելու մեջ: Ասաց, որ դիմել է նաև ոստիկանություն, և Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

168.am-ի հարցին, թե ինչ յուրացման մասին է խոսքը, Վ. Հարությունյանն պատասխանեց, որ ինքը կրիմինալիստիկայի հայերեն բուհական դասագիրք է հեղինակել, և գրքի հրատարակության ողջ ծախսը կատարել է ինքը, այնինչ պետք է համալսարանը ֆինանսավորեր դրա ստեղծումն ու տպագրությունը:

«Համալսարանի, մեր ամբիոնի ուսումնական պլանով նախատեսված աշխատանք է դա, և ծախսերը պարտավոր էր համալսարանը հոգալ, իսկ ռեկտոր Արմեն Դարբինյանը ոչ միայն այդ գումարը չտրամադրեց, այլև խոչընդոտել է, որ ես չկարողանամ իմ հաշվին էլ հրատարակել դասագիրքը»,- ասաց նախկին դասախոսը:

Նա նշում է, որ խնդիրը բարձրաձայնել է Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ), ստեղծագործական միություններում, բոլոր բուհերի ռեկտորների մոտ:

«Երկու օր առաջ եղել եմ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի մոտ, ներկայացրել եմ, որ Արմեն Դարբինյանը գիտության հետ կապ չունեցող անձնավորություն է, որը նման հանցավոր վերաբերմունք է ցույց տալիս մի ամբողջ դասագրքի հեղինակի հանդեպ: Ընդ որում, ես այս առարկայով՝ կրիմինալիստիկայով, զբաղվում եմ 30 տարի և նույնքան էլ աշխատում եմ բուհական համակարգում: Սլավոնական համալսարանում դասախոսել եմ քրեական իրավունքի և դատավարության ամբիոնում, միաժամանակ ղեկավարել եմ կրիմինալիստիկայի կաբինետը ու 536-անոց մենագրության, առաջին բուհական դասագրքի հեղինակն եմ»,- ասաց Վանիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ դասագիրքը խիստ անհրաժեշտ է թե ուսանողության, և թե պրակտիկ աշխատողների համար, քանի որ իր մեջ ընդգրկում է ողջ իրավապահ մարմինների աշխատանքը՝ ոստիկանություն, դատախազություն, ազգային անվտանգության ծառայություն, դատարաններ, հատուկ քննչական ծառայություն և այլն:

Վանիկ Հարությունյանը տարակուսում է, որ վարչապետն անընդհատ խոսում է այն մասին, որ բուհական դասագրքեր չեն հրատարակվում, ու հիմա ինքն այսպիսի կարևոր դասագիրք է հեղինակել, ու ամեն կերպ փորձում են խոչընդոտել իրեն:

Հարցրինք նաև, թե ինչ կերպ է դրսևորվում խոչընդոտելը:

«Իմ դասերը ես անց եմ կացնում կրիմինալիստիկայի կաբինետում: Ռեկտորը փոխել է այդ կաբինետի կողպեքը, ուր ես նաև նյութական պատասխանատու եմ, որ ես ոչ կարողանամ ներս մտնեմ, դաս պարապեմ, ոչ էլ այդ ամբողջ արժեքների վրա հսկողություն իրականացնեմ»,- ասաց Վ. Հարությունյանը՝ հավելելով, որ ռեկտոր Դարբինյանը չի բավարարվել միայն իր դասերն ակնհայտորեն ձախողելով, այլև արգելել է իրեն համալսարան մտնել:

«Ու դրանից հետո անամոթաբար հայտարարում է, թե դասագրքի հեղինակն ազատվել է աշխատանքից, քանի որ օրերով բացակայում է»,- նշեց դասախոսը՝ շեշտելով, որ նա դա արել է այն բանից հետո, երբ իմացել է, որ ինքը դիմել է ոստիկանություն:

Հարցին, թե ինչո՞վ է ինքն արժանացել ռեկտորի նման վերաբերմունքին, Վ. Հարությունյանը պատասխանեց, որ այդ հարցը, թերևս, Արմեն Դարբինյանին պիտի ուղղենք:

«Արմեն Դարբինյանը հանցագործ է, նրա տեղը բուհը չէ, այլ գաղութը, ու այս հանցագործությունը նա կատարում է ստաժավոր իրավաբանի հանդեպ, ում ձեռքից ինքը չի կարողանալու պրծնել»,- վրդովված ասաց բուհի նախկին դասախոսը՝ հավելելով, որ ինքը հալածանքների է ենթարկվում, փաստորեն, գիտությամբ զբաղվելու համար, ինչպես կատարվում էր միջնադարում:

Դասախոսը նշում է նաև, որ «Արմեն Դարբինյանի հանցավոր գործունեությունը» վերնագրով գրություն է պատրաստել Ռուսաստանի դեսպանին ու ՌԴ կրթության նախարարին ուղարկելու համար, որպեսզի վերջիններս ևս տեղեկանան ու միջոցներ ձեռնարկեն:

Վանիկ Հարությունյանը կարծում է, որ վարչապետը տեղյակ չէ, թե ինչ գործունեություն է ծավալում Արմեն Դարբինյանը Սլավոնական համալսարանում, և վստահություն հայտնեց, որ այս ինֆորմացիան վարչապետի համար շատ բան կբացահայտի:

168.am-ը կապ հաստատեց Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հետ՝ ցանկանալով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝ ինչո՞ւ համալսարանը չի ֆինանսավորել բուհական դասագրքի տպագրությունը, ինչո՞ւ է ռեկտորը խոչընդոտում դասագրքի հրատարակությանը, նրա մուտքը համալսարան և, վերջապես, ինչո՞ւ են նրան ազատել աշխատանքից:

Համալսարանից պատասխանեցին միայն մեր վերջին հարցին:

«Վանիկ Հարությունյանին աշխատանքից ազատել ենք ՀՀ աշխատանքային օրենսդրության 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ  կետի համաձայն, աշխատողի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Մեր դեպքում՝ վերոնշյալ անձն օրերով գործի չէր գալիս»,- ասված էր Սլավոնական համալսարանի պատասխանի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել