Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Արթուր Հարությունյանը իր վարած Opel մակնիշի 35 TN 930 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտա-Ծխախոտագործների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող, Երևան քաղաքի բնակիչ, 17-ամյա Գագիկ Խ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգություն և օպերատիվորեն ժամանած բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնության վարորդը այնքան է շտապելիս եղել, որ երեխային հիվանդանոց է տեղափոխել առանց բժիշկների, իսկ բժիշկներին հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանը՝ ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով:

Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում նույն գումարտակի նույն դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխասնատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում վարորդ Ա. Հարությունյանը ճանապարհային ոստիկանության ոստիկաններին ու հետաքննիչին ասում էր, որ ինքը վարորդական իրավունքի վկայական չունի, ավտոմեքենան էլ շահագործում է որպես տաքսի և ԱՊՊԱ նույնպես չունի:

Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան բազմաթիվ կոտրվածքներ է ստացել:

Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել