168.am-ը գրում է․

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում նոնսենս որակեց իշխանության բարձր օղակների պաշտոնյաների աշխատավարձերի և պարգևավճարների ֆոնին՝ թոշակների 10% բարձրացումը:

«Ինձ համար իրականում նոնսենս է, երբ տոկոսային հարաբերակցության մեջ ենք նայում. իշխանության բարձր օղակներում ներկայացված պաշտոնյաների աշխատավարձերն արդեն իսկ շեշտակիորեն ավելացել էին, մասնավորապես՝ նախարարների դեպքում այդ գումարը կազմում է 1.5 մլն դրամ, իսկ տարեվերջին էլ իմացանք, որ մի քանի միլիոն դրամների պարգևավճարներ են ստացել բարձր պաշտոններ զբաղեցնողները: Այդ ֆոնին ընդամենը մի քանի հազար դրամով թոշակների կամ աշխատավարձերի բարձրացումը, բնականաբար, առավել քան տարօրինակ է»,- ասաց պատգամավորը:

Իվետա Տոնոյանի համար անհասկանալի է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետական համակարգի դիմադրության վերաբերյալ հայտարարությունը. «Ինձ համար անհասկանալի է իշխանությունների՝ այս դոնկիխոտյան հողմաղացների դեմ պայքարի սինդրոմը: Իշխանափոխությունից անցել է 1.5 տարի, ձևավորված են գործադիր, օրենսդիր իշխանությունները, և ժամանակն է բնականոն աշխատանքի անցնելու: Ես կարծում եմ, որ անցել է մեր երկրի ներսում ներքին թշնամիներ փնտրելու և նրանց դեմ մտացածին պայքար մղելու ժամանակը: Եթե վարչապետը մատնանշում է այն հանգամանքը, թե պետական համակարգն ընդդիմանում է հեղափոխությանը կամ հակահեղափոխական է, ապա ներեցեք, որտե՞ղ է այդ հայտարարությանը հաջորդած հրաժարականների շքերթը: Եթե նման բան կա, ապա տրամաբանորեն պետք է տեղի ունենային աղմկահարույց հրաժարականներ, մարդիկ պետք է լքեին իրենց պաշտոնները, եթե իրականում կային այդպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ»:

Հարցին՝ նախկին իշխանությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստանը», ինչպես նաև ներկայիս իշխանությունը, որն այն ժամանակ ընդդիմություն էր, շարունակ դժգոհում էիք, որ պետք է բարձրացնել ընդդիմության դերն ու ավելացնել ընդդիմության լիազորությունները. գործող իշխանություններն այդ ուղղությամբ ինչ-որ քայլ անո՞ւմ են, նա այսպես պատասխանեց.

«Ցավալիորեն, պետք է արձանագրեմ, որ ոչ միայն քայլեր չեն արվում, այլև որոշակի առումով հետընթաց ունենք: Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից հետո անհանդուրժողականության մթնոլորտի այն էսկալացիան, որ հիմա գոյություն ունի, ինձ համար առավել քան տարօրինակ է, և կարծում եմ՝ այս մասին կվկայեն իմ բոլոր այն գործընկերները, ովքեր յուրաքանչյուր օր իրենց հանրային ելույթից հետո բախվում են ֆեյքային և հասարակության որոշ շրջանակների կողմից քննադատության: Խոսքն ընդհանրապես առողջ քննադատության մասին չէ, որովհետև մենք բոլորս բաց ենք մեր հնչեցրած տեսակետների առողջ քննադատության համար, եթե այդպիսին, իհարկե, լինի: Սակայն հերիք է, որ ընդդիմության որևէ ներկայացուցիչ որևէ հրապարակային հայտարարություն անի, և սոցիալական ցանցերում անձնական վիրավորանքների, սպառնալիքների այնպիսի տեղատարափի է հանդիպում, որ պարզապես դրանից սահմռկել կարելի է: Այս մթնոլորտն անհարիր է սիրո և հանդուրժողականության հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածում»:

Շարունակելով հարցի պատասխանը՝ պատգամավորը նշեց, որ ձևավորված վատ ավանդույթի համաձայն՝ հետևողականորեն ընդդիմության ներկայացրած նախագծերի 90 տոկոսը կամ կառավարությունում, կամ խորհրդարանական մեծամասնության կողմից արժանանում են բացասական եզրակացության.

«Հետագայում այս կամ այն ձևակերպման մեջ չնչին կոսմետիկ փոփոխության ենթարկելով՝ տվյալ նախագիծը ներկայացվում է խորհրդարանական մեծամասնության կողմից, կամ ասում են՝ մենք ունենք նման գաղափար և առաջիկայում նման նախագիծ ներկայացնելու ենք»:

Ճշտեցինք՝ ըստ պատգամավորի՝ ֆեյքային հարձակումներն ուղղորդվա՞ծ են իշխանության կողմից:

«Ես չեմ ուզում հղում կատարել օդում կախված լուրերին, բայց շատ լավ մասնագիտորեն տիրապետում եմ բոլոր այն ենթակառուցվածքներին, մեխանիզմներին, որոնք գործում են, տարատեսակ պետական ֆինանսավորմամբ ՊՈԱԿ-ների գործունեությանն եմ քաջածանոթ, տեղյակ եմ նաև, որ այդ ՊՈԱԿ-ների ֆինանսավորումը շեշտակիորեն ավելանալու է 2020թ., որոնք կոորդինացնում են նույն այդ ֆեյքերի գործունեությունը: Խնդիրը ֆեյքերի մեջ չէ, խնդիրը որոշակի անհանդուրժողականության և ատելության մթնոլորտին է վերաբերում, երբ իշխանության ամենաբարձր օղակների կողմից խորհրդարանական ամենաբարձր ամբիոնից հնչում են թաթիկները կտրելու, ասֆալտին փռելու կամ պատերին ծեփելու վերաբերյալ հայտարարություններ, հանրության որոշակի շրջանակի մոտ էլ օբյեկտիվ տրամաբանություն է առաջանում, որ միգուցե սա նորմալ է, որ պետք է ընդդիմության վերաբերյալ հենց այս տերմինոլոգիայով արտահայտվել»:

Պատգամավորը նկատեց՝ երբեմն քննարկումները խորհրդարանում շատ էժանագին բնույթ են կրում. «Բովանդակային քննարկումներ իրականացնելու փոխարեն՝ շատ հաճախ ստիպված ենք լինում փոխադարձ լեզվակռիվների մակարդակի իջնել և փոխադարձ բովանդակային կսմիթներ մեկը մյուսի հանդեպ նետել: Դա շատ ցավալի է, որ մի ամբողջ խորհրդարանական մեծամասնություն մի քանի օր շարունակ կարող է լծվել, օրինակ, պարոն Ծառուկյանի այս կամ այն հարցազրույցում հնչեցված թեզերը մեկնաբանելուն, վերլուծելուն, վերծանելուն: Իսկ եթե ոմանք խնդիր ունեն պարոն Ծառուկյանի հարցազրույցները հասկանալու հետ կապված, կարծում եմ՝ դա բացառապես իրենց խնդիրն է»:

Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կոալիցիոն կառավարություն ստեղծելու առաջարկ անել ԲՀԿ-ին և «Լուսավոր Հայաստան»-ին: Կառավարության գործունեության պատասխանատվությունը միայնակ չկրելու համար, ըստ լուրերի՝ ՀՀ վարչապետը պատրաստ է նաև մի քանի նախարարական պորտֆելներ վերապահել այդ քաղաքական ուժերին: Իվետա Տոնոյանից հետաքրքրվեցինք՝ ԲՀԿ-ն, առհասարակ, ինչպե՞ս է վերաբերվում կոալիցիոն կառավարության ձևավորմանը և արդյո՞ք նման առաջարկի դեպքում կընդունի այն:

«Ես մամուլից եմ տեղեկացել այդ հրապարակումների մասին, երբևէ տարատեսակ կանխատեսումներ չեմ մեկնաբանում: ԲՀԿ-ն ունի իր քաղաքական օրակարգը, առաջնորդվում է դրանով, և որևէ այլ օրակարգի մասին տեղեկատվություն չունեմ»,- ի պատասխան՝ ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել