168.am-ը գրում է.

Հունվարի 1-ից Հայաստանում գործում է Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) տուգանքների նոր՝ բալային համակարգը։ Յուրաքանչյուր վարորդի այսուհետև տրվում է 9 բալ,  խախտումներ թույլ տալու դեպքում՝ 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորները կհանվեն:

«Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանի կարծիքով՝ սա ժամանակավրեպ է:

«Ոչ հստակ կարգավորման խնդիր կա: Պատկերացրեք որևէ պողոտա ու հատող որևէ փողոց, որոնք ունեն առնվազն երկու երթևեկելի գոտի: Երթևեկելի գոտիներից ձախ եզրայինը կատարում է ձախ շրջադարձ, բայց քանի որ հատող փողոցով կարգավորող նշանները թույլ են տալիս  նաև ուղիղ երթևեկել, ստիպված  ձախ շրջադարձ կատարելու ցանկություն ունեցող վարորդը  խաչմերուկի մեջտեղում ուղղակի կանգնում է՝ զիջելով ուղիղ  երթևեկող տրանսպորտային միջոցին:  Ստացվում է, որ լուսացուցային կարգավորմամբ  կանաչ, թույլատրող և 40 վայրկյան  հնարավորությունից խաչմերուկի համար ՕԳԳ-ն 5 վայրկյան է: Իսկ արագ ճողոպրելիս առաջանում  է վթարային իրավիճակ: Մենք առաջարկում ենք հասանելիք այդ 40 վայրկյանը կիսել, այսինքն՝ ձախ և աջ շրջադարձերի և ուղիղ երթևեկության համար առանձին գոտի սահմանել, հակառակ դեպքում վարորդները ստիպված տանելու են տուգանք վճարեն ու բալերից զրկվեն, և սա արդար չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գևորգ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ, օրինակ, արդար է, երբ ալկոհոլ օգտագործած վարորդին են բալերից զրկում, ավելին՝ կարող են 9  բալ միանգամից տալ:

Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ, երբ քննարկվում էր հարցը, թերությունների մասին չեն խոսել, և արդյո՞ք կան վարորդներ, որոնք տուգանվել են և իրավունքի պաշտպանության համար դիմել են իրենց, «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրենը պատասխանեց.

«Դժգոհող տասնյակ վարորդներ կան, և չորեքշաբթի օրը ժամը 14:00-ին բողոքի ակցիա կլինի կառավարության մոտ: Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, ապա բոլոր այն իրավական ակտերը, որոնք քննարկվել են Ազգային ժողովում, և խմբակցությունները  հրավիրել են, մասնակցել ենք, մեր դիտարկումները ներկայացրել ենք, բայց բալայինի դեպքում որևէ պաշտոնատար անձի կողմից իրազեկում չի արվել, հակառակ դեպքում կմասնակցեինք, կխոսեինք ծուղակների մասին: Այստեղից ես հետևություն կարող եմ անել, որ, եթե չեն տեղեկացրել, ուրեմն իրենց պետք չէ, որ այդ ծուղակները կարգավորվեն, պետք է, որ սոցիալական լարվածություն առաջանա, ու իշխանության մոտ համապատասխան խմբակցություններ իրենց  դիրքերը պահեն: Ես բոլորին բանավեճի եմ հրավիրում, տասնյակ ծուղակներ կարող եմ ներկայացնել թե՛ ճանապարհային երթևեկության, թե ապահովագրական համակարգում»:

Գևորգ Հովհաննիսյանն ասաց նաև, որ առաքում կատարող մեքենային 3-4 րոպե է անհրաժեշտ, որպեսզի մեքենան կայանի և առաքումը տեղ հասցնի, իսկ այդ ընթացքում արդեն տուգանվում է:

«Մարդիկ օբյեկտիվորեն զրկված են առաջին գծում կանգնելու և իրենց ծառայությունը մատուցելու հնարավորությունից, բա ի՞նչ անեն»,- հարց բարձրացրեց «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել