Armenpress.am-ը գրում է.

Եվրոպական հանձնաժողովի մասնագետները փետրվարի 3-7-ը կլինեն Հայաստանում` քաղավիացիայի ոլորտում աուդիտ անցկացնելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Շատ լուրջ կազմով են գալու, ինչը դրական է: Դա նշանակում է, որ Հայաստանը կարևոր է իրենց համար: Մենք պատրաստ ենք այդ աուդիտին, անում ենք ամեն ինչ, որ աուդիտը լավ անցնի: Պարզ է, որ մինչև իրենց գալը, բոլոր խնդիրները չենք հասցնի լուծել: Իրականում դա մեզնից չեն էլ սպասում: Իրենք ակնկալում են, որ մենք մեր խնդիրները հասկանանք, հստակեցնենք, թե ինչ լուծումներ ենք նախատեսում և ինչ ժամկետում»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը: Նա նշեց, որ միաժամանակ մասնագետներ են ներգրավել: Արդեն տևական ժամանակ է Հայաստանի մասնագետների հետ աշխատում է հոլանդացի մասնագետը: Նա փորձ ունի տարբեր քաղավիացիայի, թռիչային անվտանգության հետ կապված:

Եվրոպական հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, ըստ որի, Հայաստանի նկատմամբ իրականացվելու են խստացված ստուգումներ: Եվրոպական հանձնաժողովը  հրապարակել է ավիաընկերությունների ցանկ՝ անդրադառնալով օդային անվտանգության հետ կապված խնդիրներին: Հայտարարության մեջ խոսվում է նաև Հայաստանի մասին, որ երկրի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խստացված ստուգման ՝ թռիչքների անվտանգության ապահովման վերահսկողության թուլացման նշանների ի հայտ գալու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել