Panorama.am-ը գրում է.

«Եթե սնանկության վարույթում ապացուցվեց, որ անձը պարտք է մեկ այլ անձի, այդ փաստը կարող է օգտակար լինել այլ քաղաքացիական գործով»,- այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Արձագանքելով Սիմոնյանի խոսքին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը նշեց, որ եթե կա սնանկության գործ, անձի հետ կապված բոլոր գործերը պետք է միանան վերջինիս։

«Եթե դուք ունեք ավարտված սնանկության գործ, էդ դեպքում ցանկը հաստատելու իմաստը ո՞րն է։ Արդեն ավարտված գործով էդ ամեն ինչը դուք ունեք՝ օրինական ուժի մեջ մտած։ Էստեղ խնդիրը սա է, քանի որ մենք իրավիճակ ենք քննելու, որը չի էլ լինելու։  Հիմա դուք առաջարկում եք, որ հաստատված ցանկը մեկ այլ գործ քննելուց հիմնավորվի»,- նշեց Դավթյանը։

Տարոն Սիմոնյանը նշեց, որ Դավթյանի ներկայացրած փաստարկը չի բացառում դեպքերը, որ այդ ցանկը օգտագործելի կարող է լինել այլ գործերով քաղաքացիական վարույթի շրջանակներում. «Եթե Ձեր համար ընդունելի է այդ տարբերակը, ապա ինչից է գալիս կառավարության այն բացասական դիրքորոշումը, որ սա նախադատելի պետք է համարել։ Այս դեպքում մենք որևէ խնդիր չենք առաջացնում, բայց որոշ խնդիրներ կարողանում ենք լուծել»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հրատապություն ունի խնդիրը և ինչ հարցեր է լուծելու։

Տարոն Սիմոնյանը նշեց, որ խնդիրը բարձրացրել են փաստաբանական խմբերը, որոնք մի գործով մասնակից են եղել պարտատերերի հաստատման ցուցակին՝ սնանկության վարույթի շրջանակներում և միևնույն փաստական հանգամանքները ստիպված են եղել մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակում նորից ապացուցել։

«Այս դեքպում նրանք ծանրաբեռնել են դատական համակարգը, դատավորներին նաև հարկատուի ռեսուրսը։ Այս դեպքում նորից պետք է ապացուցվի հանգամանքը, որ սնանկության գործի վարույթում արդեն իսկ ապացուցվել է։ Կարիքը դրանով է պայմանավորված, որ դատավորներին ավելորդ չծանրաբեռնենք»,- նշեց Տարոն Սիմոնյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել