Ճարպակալման զարգացման վրա ավելի շատ ազդում է մարդու կենսակերպը, քան գենետիկական նախատրամադրվածությունը: Այդ մասին հայտնել են գիտնականները, որոնց աշխատությունը հրապարակված է JAMA Cardiology-ում:

Միչիգանի համալսարանի եւ Մասաչուսեթսի հոսպիտալին առընթեր հետազոտական կենտրոնի աշխատակիցները վերլուծել են 2,5 հազար ամերիկացիների տվյալները, որոնք 25 տարվա ընթացքում մասնակցել են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառների ուսումնասիրությանը: Մասնագետները հետեւել են մարմնի զանգվածի ինդեքսի փոփոխություններին, ինչպես նաեւ օգտագործել մաթեմատիկական մոդելներ, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր մասնակցի համար գնահատել ճարպակալման զարգացման ռիսկը նրանց ԴՆԹ-ի հիման վրա:

Արդյունքում գիտնականները պարզել են, որ շրջակա միջավայրի գործոնները (այդ թվում՝ սոցիալական) ճարպակալության հայտնվելու ռիսկը պայմանավորում են 80 տոկոսով, իսկ գենետիկան՝ միայն 13,6 տոկոսով: Աշխատության հեղինակների խոսքով՝ բացառություն են կազմում այն մարդիկ, որոնք ունեն հիվանդության հազվադեպ հանդիպող ժառանգական պատճառներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել