Մարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիայի ազգային բանակը (ԼԱԲ) ականանետերի համար նախատեսված  ականներով թուրքական անօդաչու սարք է խոցել, ասվում է «Ալ-Քարամա» գործողության օպերատիվ շտաբի մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:

Կիրակի երեկոյան ԼԱԲ-ը և Ազգային համաձայնության կառավարությունը հայտարարել են Լիբիայի արևմտյան հատվածում ռազմական գործողությունների դադարեցման մասին տեղական ժամանակով 0.00-ից (Երևանի ժամանակով 2.00): Կողմերից յուրաքանչյուրը նշել է, որ պատասխան կտա հրադադարի ցանկացած խախտման դեպքում:

«Հակառակորդի թուրքական անօդաչուն, որը ականներ էր տեղափոխում ականանետերի համար, խոցվել է: Սա հրադադարի ռեժիմի խախտում է»,- հաղորդվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լիբիայի հարցով ընդհանուր դիրքորոշման են եկել և բոլոր կողմերին կոչ արել հունվարի 12-ին 0.00-ից դադարեցնել կրակը և անմիջապես նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն ԼԱԲ հրամանատար Խալիֆա Հաֆթարն ասել է, որ ողջունում է այս նախաձեռնությունը, բայց կշարունակի հարձակումը Տրիպոլիի վրա, որը մեկնարկել է անցած տարվա ապրիլից: Իր հերթին, Լիբիայի միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը շաբաթ օրը Իտալիա կատարած այցի ընթացքում ասել է, որ ողջունում է հրադադարի նախաձեռնությունը, բայց ԼԱԲ ստորաբաժանումների դուրսբերման պայմանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել