Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդի դրսային շրջանի հրազենային վերք, կոտորակային» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գրիգոր Հակոբյանն է։

Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն էին ցուցաբերում, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։20-ի սահմաններում Նորաշեն գյուղի դաշտերում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գոռ Հարությունյանը վիրավորին պատկանող «ARAL» մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով անզգուշությամբ կրակել է և այն դիպել է Գ. Հակոբյանին։

Ոստիկանները հայտնաբերել են նշված զենքը։

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Հարությունյանը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, կատարվածի մասի բացատրություն տվել և բաց թողնվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Հարությունյանն աշխատում է «Սպայկա» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել