Վաշինգտոնում Կոնգրեսի շենքի մոտ կլիմայի փոփոխության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է աշխարհառչակ դերասան, երկու անգամ «Ոսկե գլոբուս» մրցանակի արժանացած Հոակին Ֆենիքսը: Ինչպես տեղեկացնում է ամերիկյան Deadline կայքը, ակցիային մասնակցել է մոտ 300 մարդ: Բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է  147 քաղաքացու, այդ թվում` Հոակին Ֆենիքսին և դերասան, «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր Մարտին Շինին:

«Երբեմն մենք մտածում ենք այն մասին, թե ինչ կարող ենք անել գլոբալ տաքացման դեմ պայքարում, և դուք կարող եք օգնել այսօր և վաղը, եթե ընտրեք, թե ինչ եք ուտում», – ձերբակալությունից առաջ ասել է  Ֆենիքսը:

Ակցիան կազմակերպել է երկու անգամ «Օսկար»-ի արժանացած դերասանուհի Ջեյն Ֆոնդան:

Երկար տարիներ Ֆենիքսը ակտիվորեն պայքարում է կլիմայի փոփոխության և դրա բացասական հետևանքների դեմ և կողմնակից է բուսական ծագում ունեցող սննդակարգին:

Դերասանի լիազոր ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել նրա ձերբակալության լուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել