Բրիտանացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջերեմի Այրոնսն ընտրվել է հոբելյանական՝ թվով 70-րդ, Բեռլինյան կինոփառատոնի ժյուրիի նախագահ: Այդ մասին հայտնել է ստուգատեսի մամուլի ծառայությունը, որը կանցկացվի փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը։

«Հանրաճանաչ հերոսները, որոնց մարմնավորել է Ջերեմի Այրոնսը, եւ նրա անփոխարինելի ոճն ինձ ուղեկցել են իմ կինեմատոգրաֆիական ճանապարհորդության ընթացքում եւ ակնառու կերպով ցուցադրել մարդկային բնավորության բարդությունը»,-հայտարարել է փառատոնի գեղարվեստական ղեկավար, իտալացի կինոքննադատ Կառլո Շատրիանը:

«Ես շատ ուրախ եմ, ինձ համար մեծ պատիվ է՝ ստանալ Բեռլինալեի ժյուրիի նախագահի դերը, փառատոն, որով ես արդեն վաղուց եմ հիանում, եւ որին ես միշտ հաճույքով եմ այցելել»,-իր հերթին ընդգծել է Այրոնսը: «Ինձ համար Բեռլինի փառատոնին ներկա լինելն առանձնահատուկ հաճույք է»,-նշել է նա: Այրոնսը խաղացել է «Լոլիտա», «Ֆրանսիացի լեյտենանտի կինը» եւ այլ ֆիլմերում: 1991 թվականին նա «Օսկար» մրցանակ է ստացել լավագույն տղամարդու դերի համար՝ խաղալով «Ճակատագրի հակառակ կողմը» ֆիլմում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել