Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել մարզպետարանների 2019թ-ի պարգևատրումների վերաբերյալ տեղեկություններ։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմանն ի պատասխան տրված տեղեկությունները վկայում են, որ պարգեւատրումները եղել են համատարած՝ առանց հաշվի առնելու յուրաքանչյուր աշխատակցի դրսեւորած անհատական ցուցանիշները։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դիմել էինք ՀՀ բոլոր մարզպետարաններ՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե յուրաքանչյուր մարզում 2019թ-ի ընթացքում մարզպետարանի քանի՞ աշխատակից է պարգևատրում ստացել, նրանցից յուրաքանչյուրին տրամադրված պարգևավճարը որքա՞ն է կազմել, քանի՞ աշխատակից է պարգևատրվել 3 և ավելի անգամ, արդյո՞ք աշխատակիցները պարգևատրվել են Ամանորի կապակցությամբ, և եթե այո, ապա նրանցից քանիսը և յուրաքանչյուրին որքա՞ն գումար է հատկացվել։ Հետաքրքրվել էինք նաև՝ արդյո՞ք մարզպետը, տեղակալներն ու աշխատակազմի ղեկավարը պարգևատրվել են Ամանորյա տոների կապակցությամբ և արդյոք մարզպետարանը Ամանորյա խնջույք է իրականացրել, եթե այո, ապա ո՞ր ռեստորանում։

Տավուշի մարզպետարանից հայտնեցին, որ մարզպետարանի 106 աշխատակիցներ 2019թ-ին ստացել են ավելի քան 103 մլն դրամի պարգևատրում (ներառյալ քաղաքացիական ծառայողներին տրամադրվող պարգևատրումները)։

Պատասխանում նշված է, որ աշխատակիցները նշված պարգևավճարը ստացել են 2019թ-ի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակներում։

Աշխատակիցներին պարգեւատրում է տրվել նաեւ դեկտեմբերին՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսումների հաշվին՝ պաշտոնային դրույքաչափի 70%-ի չափով, թեեւ մարզպետարանից հայտնել են, թե նշված պարգեւատրումը չի եղել Ամանորի կապակցությամբ։ Թե որքան է կազմել այդ գումարը նույնպես չի նշվել։

Մարզպետարանի 5 աշխատակցի 2019թ-ի ընթացքում ընտանիքի անդամի մահվան կապակցությամբ տրվել է ընդհանուր մոտ 1 մլն դրամի դրամական օգնություն։

Ինչ վերաբերում է Ամանորյա հավաքույթին, ապա այն տեղի է ունեցել արհմիության վճարների հաշվին և միջոցառումն անց է կացվել մարզպետարանի աշխատակիցների թվաքանակին համապատասխան տարածք ունեցող ռեստորանում, որի անունը նշված չէ։

Այլ պատկեր է Սյունիքի մարզպետարանի դեպքում։ Այստեղ 2019թ-ի պարգևատրման ֆոնդը կազմել է մոտ 89 մլն դրամ և յուրաքանչյուր ամիս բոլոր աշխատակիցները պարգևատրվել են։

Սակայն չեն հայտնում, թե քանի աշխատակից է պարգևատրվել 3 և ավելի անգամ կամ արդյո՞ք աշխատակիցները ստացել են դրամական օգնություններ։ Մարզպետարանը տեղեկատվության չտրամադրումը պատճառաբանում է նշելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ կետը, ըստ որի՝ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին տեղեկությունը կարող է տրամադրվել միայն տվյալ անձի համաձայնությամբ։

Ինչ վերաբերում է Ամանորյա պարգևատրումներին, ապա նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին աշխատավարձի խնայված ֆոնդից մարզպետարանի աշխատակիցները խրախուսվել են պաշտոնային դրույքաչափին համապատասխան, որը կազմել է ավելի քան 47 մլն դրամ։ Սյունիքի մարզպետը այս ֆոնդից պարգևավճար չի ստացել։

Իսկ Ամանորյա տների կապակցությամբ մարզպետարանը ֆուրշետ է կազմակերպել, որն արժեցել է 400.000 ՀՀ դրամ։

«Փաստինֆո»-ն առաջիկայում կներկայացնի, թե, ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսվել միայն մարզպետարանների աշխատակիցների պարգեւատրումների վրա, թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դժգոհ է պետական ապարատի աշխատանքից։

«Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ջարդելու եմ»,- 2019 թվականի դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում հայտարարել էր Փաշինյանը։ Ստացվում է՝ կառավարությունը միլիարդավոր դրամներ ծախսել է «հեղափոխությանը դիմադրող պետական համակարգին» խրախուսելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել