Pastinfo.am-ը գրում է.

«Մենք Վրաստանից այս տարի առաջ ենք անցել, դա ոչ մեր մեթոդաբանությունն է, ոչ էլ Վրաստանի։ Դա ԱՄՀ-ի մեթոդաբանությունն է։ Վրաստանի մեթոդաբանությամբ, իրենք ունեն 9 միլիոն զբոսաշրջիկ, բայց իրականում բազմապատիկ անգամ ավելի քիչ ունեն, մենք լրիվ այլ մեթոդաբանությամբ ենք շարժվում, այդ տրամաբանությամբ մենք էլ ունենք միլիոններով զբոսաշրջիկ, էդպես չի էլի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությանը։

«Մենք ՀՆԱ-ով 2019 թվականին անցել ենք Վրաստանին, 2020-ին կանցնեք Ադրբեջանին՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով ։ Հարեւան երկրում կարող է այնպիսի մեթոդաբանությամբ հաշվեն, իրենք լինեն աշխարհում առաջին տեղը, ինձ համար կարեւոր է ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի մեթոդաբանությունը»,-շարունակել է Պապոյանը։

Նշենք, որ aliq.ge -ն հայտնել էր, որ Վրաստանի կառավարության այսօրվա նիստից հետո, երկրի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան պատասխանել է հարցին, թե արդյո՞ք առաջ է անցել Հայաստանը այս ցուցանիշով Վրաստանից: Ըստ լրատվամիջոցի, նախարարն ասել է. «Սա սխալ գնահատական է, քանի որ նրանում հաշվի առնված չեն տարրական մեթոդոլոգիական հարցեր: Ընդհանուր առմամբ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան նմանատիպ ցուցանիշներով հաղթելուն կձգտի և կսկսի Վրաստանը համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ կոչ եմ անում նրանց նախ ծանոթանան տարրական մեթոդոլոգիային: Նշեմ, որ Վրաստանում 2019 թվականի նոյեմբերին վիճակագրական ծառայությունը (GeoStat) ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդ է ներմուծել, որը դեռևս արտացոլված չէ միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ամփոփման մեջ: Մեր տարածաշրջանի երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան նույնպես կատարել են իրենց ՀՆԱ-ի վերահաշվարկը նոր մեթոդոլոգիայով, սակայն սա տեղի է ունեցել ավելի շուտ, հետևաբար նրանց տվյալները արդեն արտացոլվել են ԱՄՀ-ի տվյալներում: Հավատացեք, որ այս բարձր տնտեսական աճի պայմաններում, մեր գնահատմամբ, ՀՆԱ-ն մեկ շնչին Վրաստանում կհասնի 4, 700 դոլարի: Հետևաբար, ԱՄՀ-ի հաջորդ ամփոփման մեջ այս ամենը կարտացոլվի»։

Անդրադառնալով Նաթիա Թուրնավայի կոչին, Գեւորգ Պապոյանն ասել է. «Ես չգիտեմ այդպիսի բան ասվել է, թե ոչ, բայց չէի ուզենա այդպիսի ոչ կոռեկտ տեքստի պատասխանել»։


Ավելի ուշ Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտարարություն տարածեց, ըստ որի, նախարարը չի մեկնաբանել ՀՀ վարչապետի հայտարարությունը, այլ անդրադարձել է վրացական «Լելո» շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեի հայտարարությանը, որ Վրաստանը հետ է մնում տարածաշրջանի մյուս երկրներից։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ անդրադարձել էր Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին եւ նշել, որ Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից:
«Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը»,-գրել էր վարչապետը՝ տեղադրելով ԱՄՀ-ի տվյալների հղումը։ Ի դեպ, նույն գրառումը վարչապետ Փաշինյանը նաեւ խմբագրել էր, իսկ մինչեւ խմբագրելը ՀՀ վարչապետը հայտնել էր, որ Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով անցել է նաեւ Ադրբեջանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել