«Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի հաղթող Հարություն Մկրտչյանը սիրվեց և հուզեց բազմաթիվ հանդիսատեսների: Նախագծի ավարտից հետո երգչի համար նոր հորիզոններ են բացվել, նոր անելիքներ, որոնց մասին Հարությունը զրուցել է BlogNews.am-ի հետ:

«Նախագծից հետո տարբեր երգահանների կողմից ստեղծագործություններ կատարելու շատ առաջարկներ եմ ստացել: Այդ առաջարկները ընդունելու համար պետք է խորհրդակցեմ «Շանթ» հեռուստաընկերության հետ, բացի այդ՝ նախատեսվում է համերգ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այս ամենի մասին կկարողանամ խոսել ավելի ուշ»:

Տարիներ շարունակ սովորելով և որոշ չափով անցնելով երաժշտական այս բարդ ճանապարհը՝ Հարությունը նշում է, որ հեղինակային երգեր կատարելու ցանկություն միշտ է ունեցել. «Ես մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում հեղինակային երգեր կատարելուն, սակայն որոշակի խնդիրների պատճառով չեմ կարողացել իրականացնել իմ երազանքը: «Ազգային երգիչ» նախագծին մասնակցելով, շփվելով պրոֆեսիոնալ երաժիշտների, պրոդյուսերների հետ՝ ձեռք բերեցի էլ ավելի շատ գիտելիքներ և փորձ, որոնք ինձ այժմ թույլ են տալիս ներկայացնել իմ հանդիսատեսին հեղինակային երգեր և տեսահոլովակներ: Հուսով եմ՝ մոտ ապագայում այդ երազանքս կիրականանա»:  

Հարությունը նշում է, որ նախագծում կատարած բոլոր երգերը շատ հոգեհարազատ էին, բայց Սասուն Պասկևիչյանի «Մայրս», Ալեքսեյ Հեքիմյանի «Իմ Անին» և Սայաթ-Նովայի «Դուն իմ գլխին» ստեղծագործություններն առանձնահատուկ էին. «Շատ են ինձ ասել, որ Սասուն Պասկևիչյանի «Մայրս» ստեղծագործությունը եղել է իմ հաջողության գրավականը»:

Երգչի կատարումները գրեթե միշտ հուզում էին հանդիսատեսին, ինքն էլ անկեղծանում է. «Դեպքեր են եղել, երբ ինքս էլ չեմ կարողացել զսպեմ արցունքներս բեմում: Իմ կարծիքով արտիստը պետք է լինի անկեղծ մարդ թե՛ բեմում և թե՛ կյանքում: Ինձ համար արտիստի ամենաբարձր հատկանիշը լավ մարդ լինելն է»:

Նախագծի ընթացքում Հարությունը ձեռք է բերել երկրպագուների մեծ բանակ: Ասում է` փորձում է պատասխանել նրանց բոլոր նամակներին. «Այնքան ուրախ եմ, որ ստանում եմ շատ ջերմ և դրական կարծիքներ իմ շատ սիրելի հանդիսատեսի կողմից, որի համար անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուրից և շնորհակալ եմ նաև, որ այս ժամանակահատվածում միշտ իմ կողքին են եղել: Իսկ բացասական կարծիքներով նամակներ դեռ չեմ ստացել: Խոստանում եմ՝ կաշխատեմ երբեք բացասական նամակների առիթներ չստեղծել»:

Այն հարցին՝ շարունակելո՞ւ է կատարել ազգային երգեր, թե՞ ժանրային փոփոխություններ էլ կլինեն, Հարությունը պատասխանեց․ «Ինձ համար առաջնային են մեր ազգային երգերը և ոգին: Հետագայում միգուցե ներկայանամ նաև այլ ոճում: Իսկ իմ ստեղծագործական ճանապարհը պատկերացնում եմ մաքրամաքուր, հայեցի և ժամանակակից: Ես խնդրում եմ Աստծուն, որ նա ինձ միշտ օգնի գտնել աշխարհում այն ամենը, ինչը նախատեսված է ինձ համար ի վերուստ»:

 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել