Pastinfo.am-ը գրում է․

Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հիմա պատմականորեն ամենալարված փուլում են գտնվում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է բանաձևի օգտին, որով սահմանափակվում են նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները։ Ո՞րն էր պատճառը, արդյո՞ք Կոնգրեսը համակարծիք չէ Թրամփի գործողություններին։

-Համակարծիք չէր, քանի որ վերջին գործողությունները, որ իրականացրեց ԱՄՆ նախագահը, լուրջ ընդդիմության հանդիպեց ոչ միայն քաղաքական ընդդիմության, այսինքն` դեմոկրատների մոտ, այլև հանրապետականների մոտ։ Նաև նրա ադմինիստրացիայի մի մասը չէր կիսում այն կարծիքը, որ պետք էր հարվածներ հասցնել և սպանել Իրանցի գեներալին, բոլորը կարծում էին, որ դրա պատասխանն Իրանը տալու է և, ըստ էության, ճիշտ էին կարծում։ Ներկայացուցիչների պալատի քաղաքականությունը հետևյալն է. եթե հիշեք, ՌԴ-ի դեմ Թրամփը չէր ցանկանում պատժամիջոցներ կիրառել, բայց ստիպված եղավ կիրառել, որովհետև նույն Կոնգրեսն ընդունեց բանաձև, որով ստիպեց նախագահին չխուսափել այդ պատժամիջոցներից և ՌԴ-ի դեմ կիրառել այդպիսիք։ Ըստ էության, դրանով նախագահի լիազորությունները սահմանափակվեցին։ Հիմա նույն փորձն է կատարվում՝ սահմանափակել Թրամփի արտաքին քաղաքական լիազորությունները, մասնավորապես, Իրանի հետ հարաբերություններում և, մասնավորապես, ռազմական հարվածներ հասցնելու առումով։ Սա իհարկե իրավիճակը բավականին բարդացնելու է, որովհետև Թրամփի լիազորությունները սահմանափակվելու են՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, բայց այդուհանդերձ ունենք մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ի ներսում լուրջ հակազդեցություն կա Թրամփին, և սա այն բացառիկ դեպքերից է, երբ այդ հակազդեցությունը նաև իր թիմի ներսում կա։

- Իրանի կողմից հրթիռակոծությունից հետո, ԱՄՆ-ն Իրանին չպատասխանեց նույն կերպ, փոխարենը պատժամիջոցներ կիրառեց, ի՞նչ եք կարծում ինչու ԱՄՆ-ն կտրուկ քայլերի չդիմեց։

-Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ Իրանը համարժեք պատասխան տվեց, սակայն մի փոքր այլ ձևով, ոչ թե մարդկային զոհ տվեց, այլ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձավ միակ պետությունը, երբ ԱՄՆ-ի ռազմաբազան ռմբակոծեց, այդպիսի բան տեղի չէր ունեցել նրանից հետո, երբ Ճապոնիան հարձակվեց ԱՄՆ-ի վրա, ռազմական նավերին հարվածեց, և սա, ըստ էության, բացառիկ հարված էր, որը նաև հեղինակության հետ կապ ուներ։ Սա համարում եմ ոչ սիմետրիկ, բայց համարժեք պատասխան։

-Կարծում եք միտումնավո՞ր Իրանն այնպես հրթիռակոծեց, որ մարդկային զոհեր չլինեն և լարվածությունն ավելի չխորանա։

-Եթե զոհեր լինեին, ապա ԱՄՆ-ն ստիպված էր լինելու նույն կերպ պատասխանել, այսինքն` կրկին մարդկային զոհեր պետք է լինեին և դա ավելի էր բարդացնելու իրավիճակը, դրա համար, կարծում եմ, կողմերը որոշեցին խուսափել զոհերից։

- Ո՞րն էր պատճառը, որ Իրան-ԱՄՆ լարվածությունը բավականին արագ հասունանալուց հետո նույն արագությամբ էլ սառեցվեց։

-Չեմ կարծում, որ սառեցվեցին, պարզապես այդ պիկն անցավ, իսկ հարաբերությունները դեռևս շարունակում են գտնվել ամենալարված վիճակում, և Մերձավոր Արևելքում որևէ բան քաղաքականության մեջ չի փոխվել, հարաբերությունները լարված են, ուղղակի պիկն է անցել։

- Ստեղծված իրավիճակում Հայաստանը ինչպես պետք է դիրքավորվի և ինչ քայլեր պետք է ձեռնարկի բացի խաղաղության կոչեր անելուց։

-Հայաստանն ասել է, ինչ որ կարող էր ասել, ուրիշ ոչինչ ասել չէր կարող, պետք է պասիվ նետրալիտետ հայտարարեր, ասեր՝ ոչ ամերիկյան, ոչ իրանական գործողությունների մեջ չեմ ներգրավելու։ Սա միակ բանն էր, որ Հայաստանը կարող էր ասել և ասել է։ Ակնկալիք սրանից առավել չկար։

- Ամերիկյան լրատվականներն այսօր գրել են, որ Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ խոցվել է Իրանի կողմից։ Կարծում եք տեղի ունեցածն իրո՞ք սխալմունք է եղել։

-Դժվար է ասել, քանի որ նախ ավիացիոն անվտանգության փորձագետ չեմ, և երկրորդ հերթին էլ չգիտեմ այդ հատվածից հրթիռներ արձակվել են, թե ոչ։ Դրա համար որևէ գնահատական տալ չեմ կարող, մինչև ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետները դրա մասին հստակ գնահատականներ չհնչեցնեն։

- Իրադարձությունների հետագա զարգացման ինչ ընթացք եք կանխատեսում, արդյո՞ք հարաբերությունների սրում կլինի և տարածաշրջանում ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան։

-Չեմ կարծում՝ այն պիկը, որն անցել ենք վերջնական է։ Չի բացառվում, որ հարաբերությունների սրում լինի այս կամ այն ուղղությամբ, եթե կողմերը կարողանան 1-2 ուղղություններով կարողանան պայմանավորվել, մասնավորապես Իրաքի կամ Սիրիայի մասով կարողանան գալ ընդհանուր հայտարարի, քանի որ Թրամփը ցանկանում է զորքերը դուրս բերել Իրաքից և Սիրիայից, այստեղ կարող է շատ լուրջ գործընթացներ, բանակցություններ լինեն, չեմ բացառում նաև այդ հեռանկարը։ Ոչ մոտ ապագայում, 2-3 ամիս հետո միգուցե կողմերը սկսեն խոսել և ԱՄՆ-ն զորքերը հանելու դիմաց ինչ-որ բան ակնկալի, այդ թվում նաև անվտանգության երաշխիքներ Իսրայելին և տարածաշրջանային իր ռազմավարական դաշնակիցներին, այնպես որ սա բնավ վերջը չէ, սա ընդամենը պրոցեսների մի հատվածն է, կիզակետն էր, բայց չի կարելի որևէ բան բացառել, և կարծում եմ, որ լարվածությունը դեռ շարունակելու է մնալ, թեկուզ ոչ պիկային ձևով։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել