2020թ.-ը լիակատար մտել է իր դերի մեջ, և այսօր՝ հունվարի 10-ին, Երկիր մոլորակն ականատես կլինի կարևոր մի իրադարձության, որի մասին հայտնում է NASA-ն. մեզ սպասվում է «գայլային» լիալուսին և լուսնի խավարում։ Ի՞նչ է պետք իմանալ այս իրադարձության մասին, ի՞նչ է մեզ սպասվում դրանից հետո և ինչպե՞ս դիմավորել շքեղ լիալուսնին։ 

NASA-ից հայտնում են, որ հունվարի 10-ը նշանակալից կլինի բոլորիս համար, քանի որ այսօր երկրագնդի մի շարք վայրերից մենք կկարողանանք դիմավորել, այսպես կոչված, «Գայլային լուսնին», որն այս տարվա առաջին լիալուսինն է։ Սակայն ինչո՞ւ հենց «Գայլային լուսին»։ 

Պարզվում է, որ Գայլային է կոչվում տարվա սկզբին, ձմռանը մեզ սպասող առաջին լիալուսինը։ Այն նաև անվանում են սառցե լուսին, սակայն ավելի ընդունված է հենց գայլային տարբերակը։ Սա հիմնականում կապված է այն հանգամանքի հետ, որ իբր հնուց գայլերը ձմռանը շրջել են սառած գյուղերով ու իրենց համար ուտելիք հայթայթել, և նրանց միակ հովանավորը եղել է երկնքում թափառող լուսինը, որն էլ, ի պատիվ իրենց, կոչել են գայլային։ 

Նշվում է, որ լուսինը շուրջ 4 ժամ կգտնվի Արևի և Երկրի հետ նույն գծի վրա, որի արդյունքում երկրագնդի մի շարք տարածքներից հնարավոր կլինի հետևել նաև լուսնի խավարման։ Լուսնի խավարումը տեսանելի չի լինի Ամերիկայում, այն մեծամասամբ հնարավոր կլինի տեսնել Հնդկաստանից, սակայն գիտնականները նշում են, որ այն տեսանելի կլինի նաև Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներից։ 

Լուսնի խավարումն, ի տարբերություն արևի խավարման, իր մեջ տեսողական որևէ վտանգ չի պարունակում ու նրան  կարելի է հետևել անգամ «մերկ» աչքերով, այնպես որ, կարիք չկա հատուկ ակնոցներ գնելու։ Այս կարևոր իրադարձությունից հետո արդեն ցերեկները քիչ-քիչ կերկարեն, ինչը կհուշի, որ մենք կամաց-կամաց մոտենում ենք գարնանամուտին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել