Կորեայի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տեսակի հարցուցած թոքաբորբով հիվանդանալու առաջին դեպքը: Հունվարի 9-ին այդ մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ հունվարի 8-ին երկրում հոսպիտալացվել է ՉԺՀ-ի 36-ամյա մի քաղաքացուհի, որն ավելի վաղ ժամանել էր Հարավային Կորեա: Պարզվել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 13-ից մինչեւ 17-ը նա գտնվել է Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգի վարչական կենտրոն, Կենտրոնական Չինաստան):

Հիվանդը մեկուսացված է եւ գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Ուհան քաղաքում անհայտ հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին: Հունվարի 5-ին քաղաքի Առողջապահության գործերի կոմիտեն հայտնել է, որ քաղաքում անհայտ թոքաբորբով ախտահարվածների թիվն աճել է մինչեւ 59, եւս 163-ը գտնվել են կարանտինում:

Վարակման եւս 38 դեպք գրանցվել է Հոնկոնգում եւ մեկը՝ Սինգապուրում: Չինացի բժիշկներին հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսի նոր մանրէահիմքը, որը հարուցում է հիվանդությունը, որի ախտանիշները նման են թոքաբորբի ախտանիշներին. տենդ, կոկորդի այտուց եւ ուժեղ հազ: Այն բանի բացահայտ նշաններ, որ հիվանդությունը փոխանցվում է մարդուց մարդու, չեն հայտնաբերվել: Ենթադրվում է, որ հիվանդացածները կարող էին վարակվել՝ շփում ունենալով կենդանիների եւ հում ծովամթերքի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել