Շվեյցարիայի Pro Natura բնության պաշտպանների կազմակերպությունն անտառային կատվին (լատ. – Felis silvestris) հայտարարել է 2020 թվականի կենդանի: Այդ քայլը կոչված է ուշադրություն հրավիրելու Շվեյցարիայում կենդանական աշխարհի պահպանության խնդրի վրա: Գիշատիչը կլինի վայրի անտառների «դեսպանը»՝ խորհրդանշելով բնության արդյունավետ պաշտպանությունը, հայտարարել է Pro Natura-ն։

Անտառային կատուն գտնվում էր անհետացման եզրին, բայց վերջին տարիներին այդ կենդանու նկատմամբ վերաբերմունքը փոխվել է դեպի լավը. նրա տարածագոտին ընդլայնվել է: Հատումից պահպանվող անտառային զանգվածները տարածություն են տրամադրում այդ կենդանուն որսի եւ սերնդի վերարտադրության համար: Անտառային կատուն, որին նաեւ եվրոպական կատու են անվանում, բնակվում է Եվրոպայում, Ասիայի հյուսիսում եւ Աֆրիկայում: Նա միայնակ ապրելակերպ է վարում որոշակի տարածքում:

Շվեյցարիայում կա շուրջ 1,6 միլիոն ընտանի կատու: Դրանցից շատերը վարժվել են «ինքնուրույն զբոսնելուն», մի մասն էլ վայրենացել է, եւ դրանց նույնպես կարելի է հանդիպել անտառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել