168.am-ը գրում է․

«Հաստատվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ը չեն ցանկանում պատերազմ տարածաշրջանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով վերջին տասնօրյակի ընթացքում Իրան-ԱՄՆ հարաբերություններում ստեղծված սրացմանը:

Նադեին-Ռաևսկին ասաց, որ իրանցի ազդեցիկ գեներալ Սոլեյմանիի սպանությունը, դրան հաջորդած ամերիկյան բազաների հրթիռակոծությունը, կողմերի հայտարարությունները ցույց տվեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ը պատերազմ չեն ցանկանում, լայնածավալ ռազմական դիմակայության պատրաստ չեն: Սակայն, նրա խոսքով, կողմերից յուրաքանչյուրն իր նպատակներն էր հետապնդում:

«Իրանի դեպքում անհնար էր պատկերացնել, որ չի լինի արձագանք գեներալի սպանությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե այն ինչ արձագանք ստացավ հենց իրանական հասարակության շրջանում, այսինքն՝ իշխանությունը պարտավոր էր դրան արձագանքել, և արձագանքը եղավ: Չնայած հնչում էին չափազանց կոշտ հայտարարություններ իրանական տարբեր պաշտոնյաների կողմից, ԱԳ նախարարը հստակեցրեց, որ հրթիռակոծությունը համաչափ պատասխանն էր ԱՄՆ-ին: Ինչպես հետագայում պարզվեց, գործել է նախազգուշացնելու գործիքը, և այն լավ է աշխատել, որի մասին իր ելույթում խոսեց ԱՄՆ նախագահը՝ տեղեկացնելով, որ որևէ ամերիկացի զինվորական չի տուժել այդ գործողության արդյունքում:

Իրանը ցուցադրեց իր ուժը, բայց գործեց այնպես, որպեսզի մարդկային զոհեր ամերիկյան կողմը չունենա և կարողանա դադար վերցնել անհրաժեշտության դեպքում, ինչն էլ տեղի ունեցավ: Զոհերի բացակայության մասին տեղեկատվության հրապարակումը  կարևոր հանգամանք էր: Եթե լինեին զոհեր, բնականաբար, Միացյալ Նահանգները չէր կարողանա անպատասխան թողնել այս ամենը և խոսել միայն այն մասին, որ պատժամիջոցները մնում են ուժի մեջ:

ԱՄՆ նախագահն իր ոճին համապատասխան՝ փորձեց ճնշումներով կրկին խոսակցության մղել Իրանին, ինչը չհաջողվեց և ավելի կոշտացրեց Իրանի դիրքորոշումը, նոր պահանջներ առաջացրեց Իրանի դեպքում և կոշտացրեց նաև տարածաշրջանում Իրանի դիրքերը մի շարք ուղղություններով, որտեղ ամերիկյան ազդեցություն կա:

Այսինքն՝ այս սրացման փուլը, որը պայմանավորված էր մի շարք պատճառներով, այս պահին, թվում է՝ մարեց ԱՄՆ նախագահի հայտարարությամբ: Կարծում եմ՝ իրանական կողմը չի շարունակի սրել իրավիճակը, քանի որ Իրանն ունի լուրջ խնդիրներ երկրի ներսում՝ պայմանավորված այդ պատժամիջոցներով, և կարծում եմ՝ շեշտը դրվելու է պատժամիջոցները չեզոքացնելու ուղղությամբ հայտարարությունների և քաղաքականության վրա: Այս փուլում, կարծում եմ՝ տարածաշրջանում լուրջ լարման վտանգը չեզոքացել է, բայց հարաբերություններն ունեն լարվելու ներուժ ցանկացած պահի՝ տարբեր, այդ թվում՝ ներքին դրդապատճառներից ելնելով»,- ասաց ռուսաստանցի արևելագետը:

Նրա խոսքով՝ մերձավորարևելյան թատերաբեմում պատերազմի նոր օջախը ձեռնտու չէ որևէ գերտերության և տարածաշրջանային տերության, և այս օրերին բոլոր երկրները գործեցին դա հաշվի առնելով, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը:

Անդրադառնալով հայկական կողմի դիրքորոշմանը, Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հայկական կողմը փորձեց պահպանել չեզոքությունն իր երկու գործընկեր երկրների միջև, ինչը հասկանալի է:

«Ինչպես բոլոր հարևան և եվրոպական երկրներից, այնպես էլ Հայաստանից խաղաղության կոչեր ուղղվեցին, քանի որ Հայաստանն էապես կարող է տուժել այն դեպքում, երբ հակամարտությունը թևակոխի առճակատման սուր փուլ: Հայաստանն ունի սահման Իրանի հետ, պատերազմի դեպքում, բնականաբար, նոր վտանգներ են առաջանում այդ դեպքում, կան ադրբեջանական և թուրքական գործոնները, տարածաշրջանային պատերազմը փոխելու էր տարածաշրջանի ողջ պատկերը:

Այս պահին, սակայն, այդ կանխատեսումներն այլևս տեղին չեն, բայց իրավիճակին պետք է շարունակենք հետևել, քանի որ լարման ներուժ ես տեսնում եմ»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել