168.am-ը գրում է․

Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանը 168 TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը մեղմելու է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը:

«Միջազգային հանրությունը սպասում էր պատերազմի, նույնիսկ կանխատեսումներ կային, որ կարող են ուղիղ պատերազմական գործողություններ ծավալվել, պրոքսի հարթակներում ակտիվանալ պատերազմական գործողությունները, և այս տեսանկյունից նախագահ Թրամփի ելույթը լիցքաթափող էր: Կարելի է ասել՝ պատերազմի վտանգ չկա, կողմերն այս պահի դրությամբ բավարարվեցին փոխադարձ գործողություններով, բայց դրանով ամեն ինչ չի ավարտվում, և Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակելու է աճել: Առկա գործընթացները միտված չեն կարգավորելու կամ խաղաղություն բերելու Մերձավոր Արելքին»,- ասաց նա:

Արաքս Փաշայանի խոսքով՝ ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքի պետությունները ցանկանում են իրենք դառնալ այդ տարածաշրջանի խաղացողները և ձգտում են դուրս մղել բոլոր այն ուժերին, որոնք վնաս են հասցնում նրանց ազգային հետաքրքրություններին ու շահերին. «Այդ միտումը վերջին տարիներին կա՝ դուրս մղել նաև ԱՄՆ-ին: Բայց ակնհայտ է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանից դուրս գալու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ այդպիսի խնդիր է դրել: ԱՄՆ-ը շարունակելու է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, ունի բազմաթիվ բազաներ Մերձավոր Արևելքում: Գոնե Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքը հայտարարեց իր համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան՝ ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև ռեսուրսների առումով, և այսօր տեսակետներ կան, որ ԱՄՆ-ին, փաստորեն, նույնիսկ նավթային ռեսուրսները չեն հետաքրքրում, բայց Մերձավոր Արևելքը՝ որպես աշխարհաքաղաքականություն, հետաքրքիր է: Նաև չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ը սպասարկում է տարածաշրջանում Իսրայելի շահերն ու հետաքրքրությունները»:

Ըստ արաբագետի՝ ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները վտանգներ են պարունակում նաև Հայաստանի համար. «Մենք գտնվում ենք շատ բարդ մի տարածաշրջանում. Հայաստանը, կարելի է ասել, Մերձավոր Արևելքի մի մասն է, և այդ բոլոր ռազմաքաղաքական գործողություններն ուղղակի պրոյեկտվում են ու իրենց արձագանքն են գտնում Հարավային Կովկասում: Նաև այն բոլոր հակասությունները, որ կան խաղացողների մեջ, կարող են դրսևորվել Հարավային Կովկասում: Այդ իմաստով, կարելի է ասել, որ Հայաստանը խոցելի դիրքում է, քանի որ ունենք հակամարտություն և հակասություններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Իսկ Ադրբեջանի քաղաքական վարքաբանությունը միջազգային հարաբերություններում վերջին շրջանում բավականին մտահոգություններ է ստեղծել: Թուրքիան վերջին տարիներին ինքնուրույն որոշումներ է կայացնում և ներգրավվում հակամարտությունների մեջ: Եվ եթե վերադառնանք Իրան-ԱՄՆ հակամարտությանը, ապա Հայաստանը դժվար իրավիճակում է. հավասարակշռված քաղաքականությունը կարևոր է, բայց ոչ՝ խուսափողական քաղաքականությունը: Այսինքն՝ ամեն ինչ պետք է ճշգրտված անել և բաժանել ինստիտուտների դերերը, որպեսզի քաղաքական համակարգը կարողանա ինչ-որ իմաստով գոհացնել կողմերին, բայց միևնույն ժամանակ՝ Հայաստանը պահպանի չեզոքությունն ու հավասարակշռությունը»:

Արաքս Փաշայանը նկատեց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Մերձավոր Արևելքի ուղղությունը գերակա նշանակություն չունի, սակայն, ըստ նրա՝ պետք է Մերձավոր Արևելքին ավելի մեծ ուշադրություն դարձնել. «Հայաստանն այս տարածաշրջանում ունի մեծ ռիսկեր: Եթե միայն նշենք թուրք-ադրբեջանական քարոզչությունը Հայաստանի դեմ, որը նաև այլ երկրներում է դրսևորվում, կարծում եմ, որ Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Մերձավոր Արևելքին: Սա մի տարածաշրջան է, որտեղ մենք ունենք թե՛ մարտահրավերներ, թե՛ ռիսկեր, թե՛ հնարավորություններ՝ շատ ու շատ ուղղություններ զարգացնելու համար: Այնպես որ, որոշ վերանայումների կարիք իսկապես կա: Անհրաժեշտ է համահայկական ռեսուրսն օգտագործել: Հայաստանին պետք է կայուն ռազմավարություն՝ Մերձավոր Արևելքի հետ իր հարաբերությունները զարգացնելու համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել