Լուսնի վրա վայրէջք չկատարելու տեսությունը վտանգի մեջ է։ Առաջինը՝ չինացիների սարքն արդեն լուսնի վրա է և կարող է գնալ այնտեղ և տեսնել։ Երկրորդ՝ Թրամփը փոփոխություններ է սկսել ՆԱՍԱ-ում, որպեսզի նոր թռիչք կազմակերպի դեպի լուսին։ Եվ իհարկե դավադրության տեսությունն էլ է ձեռք տալիս։

Եթե ցանկանում եք թրենդի մեջ մնալ, ապա պետք է իմանաք կոնսպիրոլոգների վերջին դավադրության տեսությունը. «Տիտանիկը» չի խորտակվել, ամեն ինչ սարքված է եղել։ Ահա այսպիսին է հիմնական վարկածը։

Պաշտոնական տվալների համաձայն նավը սառցեբեկորին բախվել է 1912 թվականի ապրիլի 15-ին։ Նավը ստեղծող կազմակերպությունը և նավի կապիտանը նախօրոք հայտարարել էին, որ «Տիտանիկի» նման նավը հնարավոր չէ խորտակել։ Այստեղից էլ առաջանում է առաջին կասկածը. իսկ ինժեներները չէի՞ն կարող սխալվել։

Քայլ երկրորդ՝ գտնել խորտակման հզոր պատճառ և մեկին, ում ձեռնտու է այն։ Իսկ այդպիսինները շատ էին. դա կարող էր լինել ուղևորներից մեկի վրեժը կամ ուղղակի ապահովագրական խաբեություն։

Դավադրության տեսության կողմնաիցներին ամենից շատն անհանգստացնում է կապիտան Էդվարդ Ջոն Սմիթի համառությունը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ նրան վեց անգամ զգուշացրել են, որ սառցաբեկորների շրջան մտնելը վտանգավոր է, սակայն նա նախընտրել է չշեղվել ուղղությունից։

Այստեղից էլ առաջանում է նավը փոխելու մասին վարկածը։ Իրականում ոչ թե «Տիտանիկն» է խորտակվել, այլ՝ «Օլիմպիկը» ( և ոչ թե Լեոնարդո Դի Կապրիոն, այլ Բրեդ Փիթը)։ Վերջինս վնասվածք էր ստացել «Տիտանիկի» օվկիանոս դուրս գալուց մի քանի ամիս առաջ։ Նավը վերականգնելու հնարավորութուն չունենալով՝ White Star այն փոխարինել է «Տիտանիկով» և կապիտանին հրամայել կործանել «Օլիմպիկը»՝ այդպիսով ստանալով ապահովագրության ողջ գումարը և մեկ ամբողջական նավ։

Այս վարկածի օգտին է աշխատում նաև այն փաստը, որ «Օլիմպիկն» առաջիններից մեկն էր, որ հասել է «Տիտանիկի» կործանման վայր։ Ասես զուգադիպություն լինի։

Այս տեսությունը հերքում են պատմաբանները՝ նշելով, որ նավերը շատ տարբերություններ են ունեցել։ Բացի այդ՝ կործանված «Տիտանիկի» վնասը կազմում է մոտ 4 միլիոն դոլար (մոտ 100 միլիոն դոլար այսորվա գումարով), իսկ «Օլիմպիկի» վերանորոգման վրա կարելի էր ծախսել ընդամենը 200 հազար դոլար (մոտ 5 միլիոն)։

Ուղևորների սպանության մասին դավադրության տեսությունն ավելի հետաքրքիր է։ Կոնսպիրոլոգները վստահ են, որ հենց «Տիտանիկի» կործանումն է պատճառ դարձել, որպեսզի ստեղծվի ԱՄՆ-ի Դաշնաին պահուստների համակարգը։ «Տիտանիկում» են գտնվել այդ ժամանակահատվածում աշխարհի 3 ամենահարուստ մարդիկ. Ջոն Ջեյկոբ Աստոր 4-րդը, Բենջամին Հուգենհայմը, Իսիդոր Շտրաուսը։ Բոլորն էլ մահացել են։

Երեքն էլ մեծ ազդեցութուն են ունեցել ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի վրա և երեքն էլ դեմ են եղել դաշնային պահուստների ստեղծմանը։ «Պատվերի» համար կասկածում են Ջոն Պիրպոնտ Մորգանին՝ JP Morgan-ի հիմնադրին, որը վերջին պահին չեղարկել է «Տիտանիկի» իր ամրագրումը։

Պատմաբանները հերքում են այս վարկածը, բայց նրանից գլուխ հանելը շատ բարդ է։ Հայտնի է, որ Շտրաուսը կողմ էր դաշնային պահուստների ստեղծմանը, իսկ մնացած երկուսի մոտեցումներն անհայտ են։ Եվ ամենագլխավոր հակասությունը. ինչպե՞ս կարող էր Մորգանը կազմակերպել խորտակումը։ Կաշա՞ռք էր տվել կապիտանին՝ ասելով․ «Խորտակիր նավը և միաժամանակ ինքդ էլ մահացիր»։

Եթե այս վարկածները քիչ են, ապա ահա ևս մի քանի անհավանական վարկածներ. «Տիտանիկը» խորտակել է գերմանական սուզանավը, մումիայի անեծքը, ինչպես նաև բորտի համարը՝ 3909 04, որը եթե հայելային անդրադարձնենք, ապա կարող ենք կարդալ  NO POPE, իսկ այստեղ ամեն ինչ Վատիկանն է արել։ Իսկ իրականում նավի համարը եղել է 131428։ Իսկ այս համարն անգամ Մալդերը չի կարող վերծանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել