Ermenihaber.am-ը գրում է․

Հունվարի 8-ին Կահիրեում Լիբիայի հարցով հանդիպում է տեղի ունեցել Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և Իտալիայի արտգործնախարարների միջև: 

Հանդիպման ավարտին արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ստորագրվել է նաև համատեղ հայտարարություն: Թուրքական աղբյուրի պնդմամբ` մամուլի ասուլիսին և հայտարարության ստորագրությանը չի մասնակցել Իտալիայի արտգործնախարարը, քանի որ նախօրեին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Թուրքական մի շարք աղբյուրներ գրել են, որ  5 երկրների արտգործնախարարների նշյալ հանդիպումը հակաթուրքական բնույթ է կրել: 

Եգիպտոսի արտգործնախարար Սեմիհ Շյուքրին ասել է, որ Թուրքիան շարունակվում է աջակցել Լիբիայի ծայրահեղականներին և հավելել, որ պետք է ջանքեր գործադրել միջազգային հանրության շրջանում Լիբիայի հարցում միասնական գաղափար ձևավորելու ուղղությամբ: 

Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է դադարեցնի Թուրքիայի կողմից Լիբիայի ծայրահեղական խմբավորումներին տրամադրվող աջակցությունը:

Ֆրանսիայի արտգործնախարարն էլ նշել է, որ Լիբիայի հարցում Թուրքիայի ներգրավվածությունը վերջինիս համար առիթ է Արևելյան Միջերկրածովում գազի որոնումները խորացնելու համար:  

Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսն էլ ընդգծել է, որ Լիբիայի հարցում Թուրքիայի միջամտությունը սպառնում է տարածաշրջանի կայունությանը:

Իսկ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նկատել է, որ  Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջի միջև համաձայնությունները վտանգում են խաղաղությունն ու անվտանգությունը Միջերկրական ծովում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել