Hraparak.am-ը գրում է․

Արդեն ուրվագծվում է, որ իշխանությունը ազատ խոսքը, քննադատությունը լռեցնելու, ճնշելու հստակ ծրագիր ունի: Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի աննախադեպ ազատության մասին հավաստիացումներին, անցնող տարվա ընթացքում եւ նոր տարվա մեկնարկին իշխանության քայլերը, մշակվող օրենսդրական նախաձեռնությունները, հրապարակային քննարկումներն ու գործողությունները մեկ նպատակի մասին են հուշում՝ սահմանափակել, ճնշել ազատ խոսքն ու քննադատական կարծիքը  Այս ծրագրի շղթայում է տեղավորվում նաեւ վարչապետի արդեն նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի ազատումը: Կարապետյանը չարդարացրեց Փաշինյանի սպասելիքները, չկարողացավ կարգավորել, ավելի ճիշտ՝ կոնտրոլ անել, հնազանդեցնել լրատվական դաշտը: Կան տեղեկություններ, որ նույն պատճառով մոտ ապագայում նույն ճակատագրին կարժանանա նաեւ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը։ Եթե այս կանխատեսումն էլ իրականություն դառնա, ապա կնշանակի, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Վլադիմիր Պուտինի հետքերով՝ ոչ մի ազատ ԶԼՄ:

Այս շղթայում է պետք դիտարկել Նիկոլ Փաշինյանի գոյություն չունեցող շնորհավորանքի հեղինակ «Դիանա Հարությունյան» անվամբ հայտնի օգտատիրոջը մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու փաստը՝  ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ինչպես նաև համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հոդվածներով:

«Դիանա Հարությունյան» անվամբ ֆեյսբուքյան էջում հունվարի 3-ին տեղեկություն էր հրապարակվել այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ իրանցի բարձրաստիճան զինվորական Քասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։ Այդ տեղեկությունն անմիջապես տարածվել էր ադրբեջանական և իրանական լրատվամիջոցներում։ Իրավապահ մարմինները հանգել էին նրան, որ այսպիսի գրառումներն ազգային անվտանգությանը լրջագույն սպառնալիք կարող են դառնալ, իշխանական պատգամավորների հրապարակային քննարկումներով նույնպես տարածում են, որ կեղծ լուրերը պետության անվտանգությանը վտանգ են ներկայացնում: Մինչդեռ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ցանկացած ոք կարող է տարածել, բայց ոչ դիտավորյալ, ուստի բռնել եւ կալանավորել բոլոր նրանց, ում հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այլ նպատակ չի հետապնդում, քան մարդկանց իսպառ զրկել արտահայտվելու, կարծիք հայտնելու իրենց իրավունքից:

Իշխանության հասցեին եթերից հնչող քննադատական խոսքը հավատաքննում է նույնիսկ ոլորտի երբեմնի պրոֆեսիոնալ, ներկայում՝ իշխանության մունետիկ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը: Մի քանի օր առաջ նա իր էջում ոչ պետական հեռուստաընկերություններից մեկի քաղաքական հաղորդոման հյուրերի խոսքն էր առել իր մոնիթորինգի տակ եւ փորձում էր ցույց տալ, թե ուղղորդված քարոզչություն է իրականացվում Նիկոլ Փաշինյանի դեմ,ընդհանրապես այս հանձնաժողովից վերջերս հաճախ են սպառնալից զգուշացնում, թե բոլորը մոնիթորինգի տակ են, այն դեպքում, երբ մեր ՝ հարկատուներիս միջոցներով գործող Հանրային հեռուստաընկերությունն է ոչ հավասարակշռված լրատվություն մատուցում եւ դարձել է օրվա իշխանության քարոզչամիջոցը:

Պատահական չէ, որ դեռեւս անցած տարվանից իշխանությունը օրենսդրական աղմկահարույց փոփոխութուններ է նախաձեռնում, որոնք միտված են լինելու դաշտը լռեցնելու, խոսքի ազատությունը սահմանափակելուն:

Տարեվերջին իշխող «Իմ Քայլի» ջանքերով ձեւավորվեց հանձնաժողով, որը պետք է զբաղվի ատելության խոսքի դեմ օրենսդրական փոփոխություններով: Պարզ է, որ ատելության խոսքի անվան տակ իշխող թիմը կարող է շատ հեռուն գնալ ու ոչ ցանկալի լրատվամիջոցների դեմ սանկցիաներ կիրառել: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 2-ին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն է շրջանառության մեջ դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 325.1-րդ հոդվածով:

Դրանով կանոնակարգվելու է սուտ տեղեկություն տարածելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը: Մասնավորապես, հոդվածի առաջին մասով՝ սուտ տեղեկություններ տարածելը, սուտ տեղեկություններ տարածելու նպատակով մեկ ուրիշ անձի նյութապես շահագրգռելը՝ պատժել կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով: Նույն հոդվածի երկրորդ մասով գույքային օգուտ ստանալով կամ ստանալու նպատակով կեղծ տեղեկություններ տարածելու համար առաջարկվում է սահմանել պատիժ՝ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում` երկու տարի ժամկետով: Միևնույն ժամանակ այդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:

Արդարադատության նախարարությունն էլ  շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը վճարովի գովազդ ցուցադրել: Դեռեւս 2013 թվականին որոշվեց, որ Հանրայինում չպետք է լինի գովազդ, ինչի արդյունքում հեռուստաընկերության բյուջեն կրկնապատկվեց, որպեսզի փակի այդ դեֆիցիտը: Հիմա, կրկին, «Հանրայինն» այդ բյուջեով ցանկանում է նաև գովազդ ունենալ մեկ ժամում հինգ րոպե:

Մասնավոր հեռուստաընկերության ներկայացուցիչները հասցրել են ահազանգել, որ այս փոփոխությամբ նպատակ կա թուլացնել մասնավոր հեռուստաընկերությունները, նրանց գովազդը այսպես ասած տեղափոխել Հանրային:

Պաշտոնավարման երկրորդ ժամկետում նախկին նախագահ Սերժ Սարգսյանն էլ էր որոշել լրատվական դաշտը կառավարելու փորձ անել,այդ նպատակով  Ալիկ Հարությունյանին էլ նշանակեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ մամուլը վերահսկելու գործառույթով, բայց ապարդյուն: 

Հիմա էլ ոչ հասարակությունը թույլ կտա Նիկոլ Փաշինյանին գնալ այդ ճանապարհով, ոչ միջազգային հանրությունը, առավել եւս ինքը Պուտինը չէ, Հայաստանն էլ Ռուսաստանի Դաշնությունը չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել