168.am-ը գրում է․

Երեկ Շիրակի մարզի Մարալիկ, այժմ՝ Անի խոշորացված համայնքի բնակիչները մի քանի ժամով փակել էին Գյումրի-Երևան ճանապարհը՝ պահանջելով չփակել համայնքի միակ ծննդատունը, քանի որ ի վիճակի չեն գնալ Գյումրի և այնտեղ օգտվել ծննդօգնությունից։

Բնակիչների ու ծննդատան աշխատակիցների հետ Առողջապահության նախարարության աշխատանքային խմբի հանդիպումից և զրուցելուց հետո վերջիններս խոստացան, որ հարցը կքննարկեն մարզպետարանում, այնուհետև կհասկանան, թե ինչպես հարցը լուծեն։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո բողոքի ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը, սակայն հայտարարեցին, որ բացասական պատասխան ստանալու դեպքում պատրաստ են կրկին փակելու  ճանապարհը:

168.am-ի հետ զրույցում ծննդատան մանկաբարձ Հերմինե Հանիսյանն ասաց, որ տեղյակ չեն, թե երեկ Շիրակի մարզպետարանում ինչ են քննարկել, քանի որ ծննդատան աշխատակիցները ներկա չեն եղել, նրանց թույլ չեն տվել մասնակցել։

«Քննարկումից հետո մեզ ասացին, որ երկու օր անց մեզ արդյունքների մասին կասեն։ Ճանապարհները բաց են, բայց եթե վաղը մեզ բացասական պատասխան տան, ապա անժամկետ ճանապարհը կրկին փակելու ենք և ավելի վատ վիճակով։ Ծննդատունը փակելու փոխարեն՝ այն կարող են հագեցնել մասնագետներով, ու մարդկանց սպասարկեն։ Այսքան տարի այդ ինչպե՞ս ենք աշխատեցրել, որ մեկ մանկական մահացության դեպք չի եղել»,- ասաց նա։

Ըստ նրա՝ եթե ծննդատան բժիշկը մահանում է, այն պետք է փակե՞ն, չե՞ն կարող նոր կադրով համալրել։

«Մեկ-երկու հոգու կապրիզների պատճառով ուզում են ծննդատուն փակել, թե այդ մեկ-երկու հոգին ով են, դուք պարզեք։ Մեզ ասում են՝ գնացեք ձեր տները և աշխատանքի մի եկեք, հիմա դրա հիմքն ունե՞ն, որ մեզ ծննդատնից հանում են և տուն ուղարկեն։ Եթե որոշում չկա, ինչո՞ւ են նման բան անում, մենք ուզում ենք, որ վաղը մեզ դրական պատասխան տան։ Այս պահին էլ իմ գործընկերները ծննդատանն են, ծնված բալիկներին են հետևում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել