Pastinfo.am-ը գրում է.

2019թ-ի բյուջետային տարվա համար ՀՀ Արագածոտնի մարզպետարանին պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար հատկացվել է մոտ 78 մլն ՀՀ դրամ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արագածոտնի մարզպետարանից։

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ բոլոր մարզպետարաններ՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե յուրաքանչյուր մարզում 2019թ-ի ընթացքում մարզպետարանի քանի՞ աշխատակից է պարգևատրում ստացել, նրանցից յուրաքանչյուրին տրամադրված պարգևավճարը որքա՞ն է կազմել, քանի՞ աշխատակից է պարգևատրվել 3 և ավելի անգամ, արդյո՞ք աշխատակիցները պարգևատրվել են Ամանորի կապակցությամբ, և եթե այո, ապա նրանցից քանիսը և յուրաքանչյուրին որքա՞ն գումար է հատկացվել։ Հետաքրքրվել էինք նաև՝ արդյո՞ք մարզպետը, տեղակալներն ու աշխատակազմի ղեկավարը պարգևատրվել են Ամանորյա տոների կապակցությամբ և արդյոք մարզպետարանը Ամանորյա խնջույք է իրականացրել, եթե այո, ապա ո՞ր ռեստորանում։
Պարզ դարձավ, որ պարգևատրումները հատկացվել են Արագածոտնի մարզպետարանի բոլոր աշխատակիցներին՝ ըստ ամիսների։ Սակայն հարցման պատասխանից այդպես էլ չտեղեկացանք՝ արդյո՞ք եղել են աշխատակիցները, որ պարգևատրվել են 3 և ավելի անգամ։

Մարզպետարանից չեն հայտնել նաև՝ արդյոք մարզպետը, տեղակալներն ու աշխատակազմի ղեկավարը պարգևատրվել են Ամանորյա տոների կապակցությամբ, փոխարենը հայտնել են, որ մարզպետը, մարզպետի տեղակալը և գլխավոր քարտուղարը օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի և եկամուտների հայտարարագիր, որը հրապարակվում է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում և կարող ենք մանրամասներին ծանոթանալ հանձնաժողովի կայքէջից։

Ինչ վերաբերում է Ամանորյա խնջույքին, ապա Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներն իրենց ցանկությամբ և անձնական միջոցներով են կազմակերպել այն, սակայն չի նշվում, թե որտեղ է անցկացվել միջոցառումը։

«Փաստինֆո»-ն շարունակելու է հետամուտ լինել եւ կներկայացնենք, թե որքան գումար է ծախսվել պետական բյուջեից՝ խրախուսումների համար, թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դժգոհ է պետական ապարատի աշխատանքից։

«Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ջարդելու եմ»,- 2019 թվականի դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում հայտարարել էր Փաշինյանը։ Ստացվում է՝ կառավարությունը միլիարդավոր դրամներ ծախսել է «հեղափոխությանը դիմադրող պետական համակարգին» խրախուսելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել