168.am-ը գրում է.

Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ), ի թիվս այլ վարկածների, ուսումնասիրում է ռուսական արտադրության «Տոռ» զենիթային հրթիռով հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից թռչելուց հետո ուկրաինական Boeing-ի խոցումը: Այդ մասին հայտարարել է գերատեսչության քարտուղար Ալեքսեյ Դանիլովը «Ցենզոր.նետ» հրատարակությանն արած մեկնաբանության մեջ։

«Այսօր գիշերը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշման համաձայն, «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-ի աղետի հետաքննության պետական հանձնախումբը ժամանել է Թեհրան: Խմբում ընդգրկված է 45 մարդ՝ 12 նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ,-պատմել է նա:-Ներկայում խորհրդակցություն է ընթանում Իրանի պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուսումնասիրվում են ինքնաթիռի հանկարծակի անկման տարբեր վարկածներ»:

ԱԱՊԽ-ի քարտուղարի խոսքով՝ հիմնական վարկածների թվում է զենիթային հրթիռով, այդ թվում՝ «Տոռ» հրթիռով ինքնաթիռի խոցումը, քանի որ աղետի վայրի մերձակայքում հրթիռի բեկորների հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվությունն արդեն հայտնվել է ցանցում»: Բացի այդ, ինչպես հավելել է Դանիլովը, ուսումնասիրվում են անօդաչու թռչող սարքի կամ այլ թռչող օբյեկտի հետ ինքնաթիռի բախման հնարավորությունը, տեխնիկական պատճառներով շարժիչի խափանման եւ պայթելու, ինքնաթիռի ներսում ահաբեկչական գործողության հետեւանքով պայթյունի վարկածները: Ավելի վաղ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից ավիաաղետի նախնական հետաքննության նյութերում նշվել է, որ Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը բռնկել է դեռ մինչեւ գետնին բախվելը: «Ինքնաթիռը բռնկել է օդում: Ականատեսների հաղորդումների համաձայն, կրակը տեսանելի էր ինքնաթիռում եւ տարածվում էր դրա ֆուզելյաժով»,- արձանագրել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը: Հաշվետվության մեջ նաեւ նշվում է, որ «գետնին բախվելուց հետո տեղի է ունեցել պայթյուն»:

Նախնական հետաքննության մեջ նշում է, որ տեխնիկական խնդրի հայտնաբերումից հետո Boeing-737-ը փորձել է վերադառնալ օդանավակայան:

«Կործանման պահին ինքնաթիռը վերադառնում էր օդանավակայան»,-ասված է փաստաթղթում: Բացի այդ, հաշվետվության համաձայն, ինքնաթիռի անձնակազմից «ոչ մի հաղորդում չի ստացվել թռիչքի անսովոր հանգամանքների վերաբերյալ», Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել