Pastinfo.am-ը գրում է.

Զբոսաշրջության ոլորտում մենք շատ անելիքներ ունենք։ Մասնավորապես մեր երկրում սպասարկման մակարդակը բարձրացնելու և սպասարկման որակի հարցը լուծելու առումով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս, դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, նշեց, որ պետք է մտածել տաքսու վարորդներից սկսած և զբոսաշրջիկների հետ առնչվող մյուս օղակներից ավարտված, շփման որոշակի կուլտուրա սերմանելու կոնկրետ ծրագրեր ունենալու մասին։

«Ես ուզում եմ այս առումով առանձնահատուկ խոսել նաև Գյումրիի մասին։ Արդեն երկու ուղղություններով Գյումրիից թռիչքներ են իրականացվելու, և այնտեղ նույնպես օդանավակայանի տարածքից այլ տարածքներ զբոսաշրջիկների տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին պետք է շատ լուրջ մտածել։ Եվ ընդհանրապես այն տեսարանները, որոնք դեռ շարունակում են Հայաստանի օդանավակայաններում շատ հաճախ հանդիպել, երբ օդանավակայանի անցագրային և մաքսային տարածքից դուրս եկող մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների տարբեր ծառայություններ առաջարկողների կողմից, պետք է շատ արագ լուծել»,-ասաց վարչապետը՝ դիմելով Սուրեն Պապիկյանին և Տիգրան Խաչատրյանին։

Վարչապետը նկատեց, որ այստեղ 1000 դրամ ավել կամ պակաս տանելու խնդիր չէ։ Նա առաջարկեց նաև զբոսաշրջիկների համար պատրաստել տեղեկատվական թերթիկներ տաքսիների մոտավոր գների, առավել քաղաքակիրթ տաքսու ծառայություններից օգտվելու տարբերակների և հնարավորությունների մասին, քանի որ այս ամենը երկարաժամկետ կտրվածքով շատ կարևոր է. «Գաղտնիք բացահայտած չեմ լինի, որ ասեմ ՀՀ-ում, որքան էլ զավեշտալի հնչի, որ մենք այս հարթակում ստիպված ենք այդպիսի հարցեր քննարկել, ամենամեծ խնդիրներից մեկը վերաբերում է զուգարանների խնդրին։ Այս վերջին մեկ տարվա ընթացքում քննարկել ենք և ընդհանրապես սա քաղաքակրթական լուրջ խնդիր է, երբ տեսնում ես, որ ինչ-որ վայրում բացված է 5 հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, թվում է՝ աղետյալ շրջանում ես գտնվում»,-նշեց վարչապետը։
Վարչապետի աշխատակազմից տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ նշեց, որ կան ներկայացվող հիգիենիկ պահանջների վերաբերյալ ստանդարտներ.

«Առողջապահության նախարարի հետ նախաձեռնել էինք դրանց փոփոխությունները, որպեսզի համապատասխանեցնենք ժամանակակից պահանջներին։ Եթե չեմ սխալվում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կունենանք հաստատված նորմերը և դրանք վերջնական տեսքի բերելուց հետո նաև կանդրադառնանք օրենսդրական փոփոխությունների կարգավորումներին և խստացումներ կնախատեսենք՝ տուգանքների չափերի մեծացում, ընդհուպ գործունեության կասեցում, եթե նորմատիվ պահանջները չպահպանվեն»,-հավելեց Արթուր Ասոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել