Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատակազմը հրապարակել է 2019թ․-ին նախագահի և նրա աշխատակազմի ներկայացուցիչների 40 օտարերկրյա գործուղումների վրա ծախսված գումարները։ Դրանք «ամոթալի խայտառակություն» են, եթե համեմատենք Հայաստանի չկոռումպացված իշխանությունների ծախսերի հետ։

Այսպես, ըստ «Ինտերպրես»-ի, 2019թ․-ի հունվարից հոկտեմբեր Վրաստանի նախագահը և նրա աշխատակազմը ծախսել են 1 միլիոն 417 հազար 534 լարի, որը կազմում է մոտ 500 հազար ԱՄՆ դոլար։ Այո՛, ճիշտ եք կարդում. տիկին Զուրաբիշվիլին և նրա աշխատակազմը 40 օտարերկրյա այցերի և գործուղումների համար ծախսել են այն գումարի կեսը, որքան, ըստ տարբեր տվյալների, ծախսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019թ․-ի սեպտեմբերին իր ամերիկյան այցի ժամանակ։ Հիշեցնեմ, որ պարոն Փաշինյանի և նրա 35 հոգանոց պատվիրակության համար հատուկ ինքնաթիռ էր վարձակալվել, որը նրանց ԱՄՆ հասցնելու, այնտեղ պտտացնելու և հետ բերելու համար հարկատուների վրա նստել էր 350 հազար ԱՄՆ դոլար։

Ըստ լրագրողների՝ ամենաթանկը եղել են տիկին Զուրաբիշվիլիի այցերն ԱՄՆ և Ֆրանսիա։ ԱՄՆ այցի համար միայն տիկին Զուրաբիշվիլիի համար պետբյուջեից ծախսվել է 50 հազար 500 դոլար, իսկ նրա հետ ԱՄՆ մեկնած պատվիրակության մյուս անդամների վրա՝ 46 հազար դոլար։ Ընդհանուրը՝ 96 հազար 500 դոլար։ Ֆրանսիա այցի համար ծախսվել է 22 հազար դոլար։ Իսկ ամենաէժանը Դանիա այցն է եղել. նախագահի աշխատակազմի վրա այն նստել է մոտ 806 դոլար։

Այս թվերին ծանոթանալուց հետո հայաստանցին միայն մի բան կարող է բացականչել․ «Ամոթ և խայտառակություն։ Ինչպե՞ս կարելի է ամողջ աշխատակազմով 40 գործուղումների վրա ծախսել 500 հազար ԱՄՆ դոլար»։ Պարզվում է՝ կարելի է։

Տեսնելով, թե Հայաստանում ինչ են անում Փաշինյանն ու իր թիմակիցները պետական բյուջեի հետ, կարելի է ենթադրել, որ կա՛մ տիկին Զուրաբիշվիլին իրոք պետական մտածելակերպ ունեցող քաղաքական գործիչ է, ով իրոք ծառայում է Վրաստանին, կամ էլ չի հասկանում, թե ինչ բան է իշխանությունը, և չի վայելում այն, ինչպես դա անում են Հայաստանի իր գործընկերները։

Համոզված եմ՝ տիկին Զուրաբիշվիլին պետական մտածելակերպ ունեցող գործիչ է և նրա ու իր աշխատակազմի գործուղումների վրա ծախսված «խայտառակ» գումարը դրա վառ օրինակն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել