168.am-ը գրում է.

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ 168.am-ը մի քանի հարց է ուղղել Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանին:

 ԻրանԱՄՆ բախումների ֆոնին հնարավո՞ր են սահմանային սրացումներ,  Ադրբեջանը կօգտվի՞ առկա իրավիճակից, և ո՞ր ուղղությամբ:

– Այս փուլում Ադրբեջանում ավելի շատ զբաղված են փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններով, և չեմ կարծում, թե մինչև նոր խորհրդարանի և կառավարության ամբողջական ձևավորումն Ադրբեջանն առաջնագծում լուրջ գործողությունների կգնա: Իհարկե, ասածս չի բացառում, որ սրացումներ, փոքր մասշտաբային սադրանքներ կլինեն, այնուամենայնիվ, առաջնագծում խոշորամասշտաբ գործողություններ առաջիկա երկու ամսում քիչ հավանական են:

– Ամեն դեպքում, Արցախում տարածաշրջանային իրավիճակը հաշվի առնելով՝ հատուկ զգոնություն պահպանվո՞ւմ է:

– Բնականաբար: Ստեղծված իրադրության պայմաններում նախագահ Բակո Սահակյանն օրեր առաջ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց: Ստացված հանձնարարականների շրջանակներում, համապատասխան կառույցներն իրավիճակին համահունչ օպերատիվ աշխատում են:

 Իսկ ի՞նչ ազդեցություն կունենան ընթացող տարածաշրջանային և մերձավորարևելյան զարգացումները ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա, երբ ԱՄՆը՝ որպես համանախագահող երկիր, զբաղված է այլ խնդրով՝ Իրանի հետ կապված:

– Հասկանալի է, որ ոչ միայն ԱՄՆ-ը, այլև ամբողջ աշխարհը կենտրոնացած է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վրա: Կան երկրներ, որոնք շահագրգռված չեն հարակից երկրներում նոր լարվածության օջախների ստեղծմամբ, կան երկրները, որոնք հակառակ մոտեցումն ունեն:

Շատ բան կախված է նրանից, թե, ի վերջո, ԱՄՆ-Իրան զարգացումներն ինչպիսի մասշտաբ կընդգրկեն, ինչ ժամանակահատված և ինչ ելքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել