Pastinfo.am-ը գրում է.

Դատախազությունը մերժել է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ վերջինիս պաշտպանի և մամուլի մի շարք ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունը, որոշում է կայացրել մերժել այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Մասնավորապես՝ դատախազը գտել է, որ ներկա փուլում քրեական գործով իրականացվում է ակտիվ նախաքննություն և դեռևս պետք է կատարվեն բազմաթիվ քննչական, այլ դատավարական գործողություններ, որոնց պայմաններում որևէ այլ խափանման միջոց, բացի կալանավորումը, ի զորու չեն կանխելու մեղադրյալի հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը, չեզոքացնելու կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշմամբ դատարանի կողմից նշված հիմքերը:
Բողոքի հեղինակին հեռախոսով տեղեկացվել է որոշման կայացման մասին»,-նշեց Արևիկ Խաչատրյանը։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ ԶԼՄ ներկայացուցիչները՝ որպես հարգանքի դրսևորում իրենց գործընկերոջ նկատմամբ, պատրաստակամություն են հայտնել երաշխավորելու, որ պարոն Թավադյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ խոչընդոտ չի հանդիսանա քրեական գործի համար եւ համապատասխան միջնորդությունը նույն օրն առձեռն փոխանցել դատախազություն։
Դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախաքննական մարմինը ոստիկանության կողմից ներկայացված արարքը որակել է սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից եւ մեղադրանք առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից՝ ավելի վաղ ձերբակալված Վ.Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, եւ նրան ազատել արգելանքից։ Փոխարենը նույն օրը ձերբակալվել է հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ապա նաեւ կալանավորվել՝ նույն մեղադրանքով։

Տարածված տեղեկատվությանն արձագանքել էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` նշելով, որ ոստիկանական այս «օպերացիային» կարող են հաջորդել նոր ձերբակալություններ` չբացառելով նաեւ Ռ.Քոչարյանի որդիներից մեկի ձերբակալությունը: Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ երկու տարի շարունակ պնդել են, որ նպատակ չունեն գործի քննությանը խոչընդոտելու և ոչ էլ ցուցմունք կա, որը ցանկություն են ունեցել փոխելու։

Անդրադառնալով ոստիկանության տարածած տեսանյութին՝ նա նշել է երկու տարբերակ՝ կամ աջակիցն է երեք ամիս առաջ հայտնվել հատուկ նպատակով կամ էլ նրա մուտ ուղարկված մարդը։ Այսինքն՝ երկու դեպքում էլ նա նշել էր, որ դա կազմակերպված է եղել իշխանությունների կողմից։ «Աբսուրդ է, որ նման բան անի մի մարդ, ում ճանաչում ենք երեք ամիս»,- հայտարարել է Լեւոն Քոչարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել