Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստվում է ՄԻԵԴ ներկայացնել նոր գանգատ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Գանգատը վերաբերում է այս վերջին դատական որոշումներին, երբ մենք միջնորդեցինք գրավ կիրառել և միջնորդությունը մերժվեց, մենք բողոքարկեցինք Վերաքննիչ դատարան, սակայն դատավոր Լուսինե Աբգարյանի որոշմամբ մեր վերաքննիչ բողոքը նույնպես մերժվեց։ Մենք համարում ենք, որ Վճռաբեկ դատարանն արդյունավետ պաշտպանություն չի այս դեպքում և դրա համար վերաքննիչ դատարանից հետո որոշեցինք անմիջապես դիմել Եվրոպական դատարան»,- ասաց Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանն ի սկզբանե արդյունավետ պաշտպանության միջոց չէ, քանի որ վճռաբեկ բողոքների մոտավորապես 95%-ը վարույթ չի ընդունում, իսկ վարույթ ընդունված բողոքները կարող են քննվել մեկ տարի անց։
«Եթե խոսքը գնում է մի քանի ամսվա կալանավորման մասին և դրա վերաբերյալ պետք է մեկ տարի անց ինչ-որ որոշում կայացվի, ապա դա արդյունավետ միջոց չէ»,- նշեց Ալումյանը։

Հարցին, թե ե՞րբ են պատրաստվում գանգատը ներկայացնել ՄԻԵԴ, Ալումյանն ասաց, որ այս պահին աշխատում է գանգատի վրա։
«Շատ կուզեի վաղը հասցնել։ Կարծում եմ, որ մինչև այս շաբաթվա վերջ պատրաստ կլինի»,-ասաց պաշտպանը։

Նշենք, որ սա ՀՀ երկրորդ նախագահի գործով արդեն 12-րդ գանգատն է ՄԻԵԴ-ում։ Հայկ Ալումյանը հայտնեց, որ, թեև նախորդ գանգատներն արդեն գրանցվել են, բայց կոմունիկացիան դեռ չի սկսվել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ, որով մերժվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, 2019 թվականի նոյեմբերի 7-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու մասին՝ անփոփոխ թողնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։

Դատարանի այս որոշման դեմ փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել, ինչը մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին։ Վերջինս դեկտեմբերի 9-ին ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը։ Եւ այն վերմակագրվեց դատավոր Լուսինե Աբգարյանին, ում եղբայրը գործընկերային հարաբերություններ ունի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել