168.am-ը գրում է․

168.am-ի զրուցակիցն է ռուսաստանաբնակ արևելագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը:

– Տիկին Գևորգյան, ի պատասխան օրերս ԱՄՆ օդուժի կողմից Բաղդադում իրանցի ազդեցիկ և հեղինակավոր գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և մի քանի իրանցի այլ զինվորականների սպանության՝ Իրանը 12 հրթիռ է արձակել Իրաքում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազաների ուղղությամբ, որտեղ տեղակայված են՝ ինչպես ամերիկյան, այնպես էլ՝ ԱՄՆ դաշնակիցների ուժերը, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կզարգանա ԱՄՆ-Իրան առճակատումն առաջիկայում, և ներկայումս աշխարհը քննարկում է՝ ինչպիսի՞ն է լինելու ամերիկյան արձագանքը:

– Որքան ես եմ հասկանում, իրանական կողմը հրթիռակոծումից առաջ զգուշացրել էր իրաքյան կողմին հնարավոր հարվածների մասին, իր հերթին՝ Իրաքն այդ տեղեկատվությունը փոխանցել էր ամերիկացիներին, որի արդյունքում ամերիկացիները, որոնք գտնվել էին ռազմաբազաներում, հասցրել են պատսպարվել ստորգետնյա ապաստարաններում: Հենց այս պատճառով, Պենտագոնի պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ գործողությունից ամերիկացի զինվորականներ չեն տուժել: Թեև իրավիճակը բարդ է, վտանգավոր է, այսօրվա դրությամբ, իմ կարծիքով, այն զարգանալու է այնպես և, ամեն դեպքում, տրամաբանական կլիներ, եթե այս հարցերը քննարկելու համար կանչվեր ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստ:

Նշեմ, որ պակաս կարևոր փաստ չէ այն, որ այս ամենի ֆոնին ՌԴ նախագահ Պուտինը Սուրբ Ծննդյանը գտնվում էր Դամասկոսում: Չեմ զարմանա նաև, որ նա առաջիկա օրերին այցելի Թեհրան: Ուստի, հաշվի առնելով այն ամենը, ինչ ասացի, լուրջ լարման հնարավորություն չեմ տեսնում: Կարծում եմ՝ ԱՄՆ վարչակազմը նպատակ ունի դուրս բերել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքից՝ Սիրիայից, Իրաքից, ամբողջությամբ, ինչին էլ հանգեցնում է Սուլեյմանիի սպանությունը:

– Ի դեպ, ՌԴ նավատորմի ամենահզոր նավերից մեկը չպլանավորված կերպով դիրքավորվել է Միջերկրական ծովում՝ Սիրիայի ափերի մոտ, ՌԴ նախագահն է այցեր իրականացնում: Այս իրավիճակում ինչպիսի՞ դերակատարություն է ստանձնելու Ռուսատսանը:

– Ռուսաստանն ունի բավականին շատ լծակներ՝ տարածաշրջանում իրավիճակի սրում թույլ չտալու համար: Ռուսաստանը նման լծակներ ունի բոլոր կողմերի նկատմամբ՝ և՛ տեխնիկական, և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական՝ այս տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: Ռուսաստանը հենց դա էլ անում է, փորձում է մարել հակամարտությունները: Ռուսաստանի դիրքորոշումը բավականին զգուշավոր ու հավասարակշռված է այս հարցում: Հարկ է հասկանալ, որ Ռուսաստանն Իրանի հետ ռազմավարական հարաբերություններ է զարգացնում, Ռուսաստանի համար Իրանը կարևոր երկիր է, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ Ռուսաստանը զգուշավոր է:

 Իրան-ԱՄՆ առճակատման ներկայիս փուլն ինչպե՞ս կանդրադառնա Սիրիայում տիրող իրավիճակի վրա:

– Սիրիայում տիրող իրավիճակն արդեն փոխվում է, այդ փոփոխություններն անխուսափելի են, չնայած դիվանագիտական ռևերանսներին՝ սիրիական զորքերը ռուսական ռազմական ուժերի աջակցությամբ մաքրում են և առաջ են ընթանում Իդլիբում, որն առանցքային նշանակություն ունի Սիրիայի Հյուսիսի և Հալեպի համար, ուստի այդ գործընթացն ուժեղ կերպով այսօր առաջ է գնում: Սա թուրքական կողմին անհանգստացնում է, բայց դիվանագիտական մակարդակում դեռ հետևանքներ չկան:

– Մերձավոր Արևելքում և ԱՄՆ-Իրան հարաբերություններում ստեղծված իրավիճակն ինչպիսի՞ սպառնալիքներ է կրում հարավկովկասյան երկրների, մասնավորապես` Հայաստանի համար, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական խնդրահարույց դիրքը, բարդ հարևանությունը, նաև այն հանգամանքը, որ Իրան-ԱՄՆ առճակատումը դրսևորվում է երրորդ երկրների տարածքում:

– Այսօրվա դրությամբ ուղիղ սպառնալիքներ Հայաստանի համար չեմ տեսնում, բայց ես ուշադրությամբ հետևում եմ իրանական Ադրբեջանում տիրող իրավիճակին, այսինքն՝ հենց Ադրբեջանում. այնտեղ բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Ես ուշադրություն հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ Իրանի ադրբեջանական անջատողականները ողջունեցին Սուլեյմանիի սպանությունը, և ես չեմ բացառում, որ Բաքուն փորձի միջամտել այս իրավիճակին: Դա չեմ բացառում, բայց ներկայումս՝ հենց հիմա, հենց այս կոնկրետ իրավիճակում, ուղիղ սպառնալիքներ չեմ տեսնում:

Եթե Ադրբեջանը միջամտի, լոկալ հակամարտություն Իրանի և Ադրբեջանի միջև հնարավոր է, դա, բնականաբար, մի կողմում չի թողնի Թուրքիային, բայց թե որքանով այս ամենը կունենա ռազմական բաղադրիչ, հարց է, որին այս պահին դժվար է պատասխանել, քանի որ իրադարձությունները չափազանց շատ են Թուրքիայի համար: Բաքվին աջակցելու և Իրանի հետ առճակատվելու հարցում կգնա՞ արդյոք Էրդողանն Իրանի հետ առճակատման ճանապարհով՝ չեմ կարող կանխատեսել, քանի որ դա կախված է մի շարք հանգամանքներից, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին:

Եթե դիտարկենք, որ Թուրքիան կգնա առճակատման Իրանի հետ, եթե հաշվի առնենք, որ Իրանն ունի լուրջ ռազմական կոնտինգենտ հենց Թուրքիայի հետ սահմանին և հենց Թուրքիայի հետ սահմանին իրականացրեց չպլանավորված ռազմական գործողություն հոկտեմբերին, երբ Թուրքիան սկսեց օպերացիա Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ, ես դրա վրա ուշադրություն էի դարձրել: Կոնկրետ տվյալ տարածաշրջանում Թուրքիա-Ադրբեջան-Իրան սահմանային հատվածներում հնարավոր է հակամարտության լոկալ բռնկում, ինչը կազդի Հայաստանի վրա, և քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ունի համատեղ ՀՕՊ Ռուսաստանի հետ, նշանակում է, որ դա չի կարող շրջանցել նաև ռուսական կողմին: Բայց կոնկրետ սա հնարավոր է միայն նմանատիպ սցենարի զարգացման պարագայում:

Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի հարևանությամբ անկայունությունը դրական հանգամանք չէ, և կայունությունը բխում է բոլոր երկրների շահերից:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Արտանիշի լեռ բարձրանալիս խաղաղության կոչ ուղղեց ԱՄՆ-ի և ԻԻՀ-ի նախագահներին: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը:

– Դա խաղաղապահ բնույթի հայտարարություն էր, և Հայաստանը դեռ մնում է հայտարարությունների մակարդակում, տվյալ իրավիճակում սա չեզոք և հավասարակշռված մոտեցում է: Ինչ վերաբերում է դիվանագիտական ձևաչափերի ձևավորմանը, ապա ես կարծում եմ, որ Հայաստանն ունի ներուժ և չի օգտագործում հակամարտությունների կարգավորման իր ներուժը:

Հայաստանը կարող էր դառնալ հարթակ Իրան-Իսրայել հարաբերությունների կարգավորման համար, գոնե փորձագիտական մակարդակում ինչ-որ ձևաչափեր ստեղծեր, ո՛չ Իրանը, ո՛չ Իսրայելը չէին մերժի: Բայց Հայաստանը չի կիրառում այդ ներուժը: Նույնը վերաբերում է ներկայիս իրավիճակին, ինչպես Նուրսուլթանը դարձավ հարթակ սիրիական հակամարտության կարգավորման համար, այնպես էլ Երևանը կարող է հարթակ դառնալ Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման համար:

Հայաստանն այդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առանցքային դերակատարություն կարող է ստանձնել, կա այդ ներուժը և չի իրացվում:

Ես տեսնում եմ ներուժ, որի իրացումը կմեծացներ Հայաստանի միջազգային վարկանիշն ու կշիռը: Դա կենթադրեր Հայաստանի կողմից նման մակարդակի՝ ողջ աշխարհի համար նման կարևորություն ունեցող բանակցություններին մասնակցություն, ինչն էապես կբարձրացներ ՀՀ վարկանիշը միջազգային հարաբերություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել