Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Իրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի կործանումը, գրում է korrespondent.net-ը:

Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է պետության ղեկավարի Telegram-ալիքում:

«Սարսափելի լուր Մերձավոր Արևելքից։ Այսօր առավոտյան Իմամ Խոմեյնիի (Թեհրան) միջազգային օդանավակայանից թռիչքից հետո «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել և ընկել օդանավակայանից ոչ հեռու»,- գրել է նախագահը:

Նա նաև հայտնել է, որ նախնական տվյալներով՝ բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:

«Մեր դեսպանատունը ճշտում է ողբերգության հանգամանքներն ու զոհերի ցուցակների մասին տեղեկատվությունը»,- նշել է Զելենսկին:

Նա նաև ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և մտերիմներին:

Հիշեցնենք, որ ուկրաինական ուղևորատար օդանավը կործանվել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ: 

Վերջին տվյալների համաձայն` օդանավում եղել է 168 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Օդանավակայանի ղեկավարը հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է անմիջապես թռիչքից հետո:

Flight Radar պորտալը հայտնում է, որ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը՝ ժամը 2:42-ին, և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:

«PS752-ը Թեհրանից մեկնել է 2:42-ին: Վերջին տվյալները ստացվել են 2:44-ին»,- ասված է Flightradar-ի հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել