Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը հրթիռակոծվել է, հաղորդում է Press TV-ն:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը վերցրել է իր վրա:

«ԻՀՊԿ-ն հաստատում է Իրաքում «Այն ալ-Ասադ» ամերիկյան ավիաբազային տասնյակ հրթիռներով հարված հասցնելը»,- հայտնել է հեռուստաալիքը Twitter-ում՝ ընդգծելով, որ դա վրեժ է ԱՄՆ-ի զինվորականների կողմից գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Իրանական Tansim գործակալությունը հաղորդում է, որ այս պահին «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 35 հրթիռ: Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ բազային ավելի քան 9 հարված է հասցվել:

ԱՄՆ-ի զինվորականները «Այն ալ-Ասադ» ռազմաբազայում հարվածի հետևանքով չեն տուժել, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Իրանն Իրաքում ամերիկյան ռազմակայանները գնդակոծվել է բալիստիկ հրթիռներով:

«Հունվարի 7-ին՝ ժամը 5:30-ի սահմաններում, Իրանը ավելի քան մեկ տասնյակ բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-ի ռազմական բազաների և Իրաքում կոալիցիայի դեմ: Ակնհայտ է, որ այդ հրթիռներն արձակվել են Իրանից և դրանց նպատակն է եղել առնվազն երկու իրաքյան ռազմակայանի վրա հրթիռային հարձակում իրականացնել, որտեղ տեղակայված են ԱՄՆ Զինված ուժերի և կոալիցիայի անձնակազմը: Մենք աշխատում ենք վնասի նախնական գնահատման ուղղությամբ»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել