168.am-ը գրում է․

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը հաճախ է գրառումներ կատարում կամ հայտարարություններ անում տնտեսական տարբեր հարցերի վերաբերյալ, որոնք հետո իրեն դնում են անհարմար դրության մեջ։ Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ շատ մակերեսային պատկերացումներ ունի տնտեսության մասին, կա՛մ փորձում է օգտվել հասարակության չիմացությունից։

Եթե ընդդիմադիր գործչի պարագայում նման վարքագիծն ինչ-որ տեղ հասկանալի էր, ապա վարչապետի պաշտոնում պարզապես անընդունելի է։

1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Ադրբեջանին դեռ չենք անցել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք. երկու օր առաջ ֆեյսբուքյան իր էջում այսպիսի բովանդակությամբ մի գրառում կատարեց Նիկոլ Փաշինյան` իբր խմբագրելով նախկինում արված հայտարարությունը.

«Ժողովուրդ ջան, հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին:

Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը։

Հ.Գ. Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Իրար հետ: Դուխով»:

Վարչապետի այս գրառումը բուռն արձագանք ստացավ, այդ թվում` նաև մասնագետների շրջանում։ Նիկոլ Փաշինյանի լավատեսությանը բավական կոշտ արձագանքեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Վարչապետ ՆՓ-ն գրառում է կատարել. «Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը (հղումը՝ ստորև)»։ Հղում է կատարված IMF-ի home page-ին։ Անմիջապես ասենք, որ նման բան չկա։

1. ՀՆԱ վերաբերյալ տվյալները պաշտոնապես հրապարակում է ՀԲ-ն և ոչ թե IMF-ը։ Իսկ ՀԲ-Ն 2019-ի թվերը սոսկ կամփոփի ապրիլ-մայիսին։ Այս պահին 2020-ի մասին խոսք լինել չի կարող։

2. ՆՓ-ի երազանքը, որ ՀՀ-ն կանցնի Ադրբեջանին 2020-ին, ապացուցված չէ։ Ապացուցված է, սակայն, որ, 1995-1999թթ. 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն Ադրբեջանից առաջ է եղել։ Օրինակ, 1996-ին ՀՀ-ում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 504 դոլար, Ադրբեջանում՝ 409 դոլար։ Վրաստանից ՀՀ-ն առաջ է եղել 2005-2009թթ.։ Սա՝ ի գիտություն ՆՓ-ի և նրա հետևորդների, որոնք ամեն նախկին աճ թալան են համարում։

3. 2018-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն (4212 դոլար) ետ էր մնում Վրաստանից (4717 դոլար) և Ադրբեջանից (4721 դոլար) 12%-ով։ Ի դեպ, 2017-ին (մինչև ՆՓ-ի վարչապետությունը) ետ էր մնում սոսկ 5.9%-ով Ադրբեջանից (համապատասխանաբար՝ 3914 և 4147 դոլար) և 11%-ով Վրաստանից (4357 դոլար)։

4. Ցուցանիշի «բարելավմանը» նպաստել է ոչ թե չկայացած տնտեսական աճը, այլ դրամի կուրսի արժևորումը։ Գլուխ ենք գովում, չէ՞ (առանց հասկանալու հետևանքները), որ դրամով գնաճ չկա։ Բայց դոլարով գնաճ կա։ Եվ ուրեմն ամենաիրական ցուցանիշով (1 շնչին ընկնող ՀՆԱ-ն PPP-ով) Հայաստանը (10343 դոլար) ետ է մնում Ադրբեջանից 1,8 անգամ (18044 դոլար), Վրաստանից՝ 1,2 անգամ (12004 դոլար):

Ոչ 2019-ին, ոչ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ոչ Վրաստանից, ոչ էլ Ադրբեջանից չի անցնի։ Այդ բանը հնարավոր է եղել միայն «թալանի» տարիներին»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը։

Այն, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանի ցուցանիշը զիջում է Ադրբեջանին, շատ վատ է։ Ու եթե այս տարվա արդյունքներով այն ինչ-որ չափով բարելավվել և անցել է Վրաստանին, անշուշտ, լավ է։ Ի վերջո, սպասում ենք տնտեսական այնպիսի բարձր աճ, որը հավասարը չունի ոչ միայն ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, տարածաշրջանում, այլև աշխարհի բազմաթիվ երկրների համեմատ։

Բայց այս ամենը դեռ կանխատեսում է։ Տարեկան տնտեսական աճի ցուցանիշներն առայժմ հայտնի չեն, և ճիշտ կլիներ դրանց մասին խոսել վերջնական արդյունքներն ամփոփելուց հետո։ Բայց քանի որ խոսվել է՝ ասենք, որ միայն տնտեսական աճը չէ, որ բնորոշում է 1 շնչին ընկնող ՀՆԱ փոփոխությունը։ Դրա վրա առկա է նաև փոխարժեքի ազդեցությունը։ Վերջին 1 տարում ազգային արժույթը Հայաստանում բավականաչափ արժևորվել է ամերիկյան դոլարի նկատմամբ։ Այսօր էլ շարունակում է այդպիսին մնալ։ Ու դա չէր կարող չազդել 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշի վրա։

Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գները տարբեր երկրներում սովորաբար տարբեր են լինում, սոցիալ-տնտեսական իրավիճակները գնահատելու համար օգտագործվում են, այսպես կոչված, գնողունակության համարժեքության փոխարժեքները։ Դա այն է, որը բնութագրում է տնտեսության զարգացումների առավել օբյեկտիվ ազդեցությունը հասարակության բարեկեցության վրա։

Այդ ցուցանիշով Հայաստանի դիրքերն իրավմամբ ավելի թույլ են։ Ու հավանաբար դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը խուսափել է անդրադառնալ դրանց։

Արժույթի Միջազգային Հիմնադրամի կանխատեսումներով՝ անցած տարվա տնտեսական զարգացումների արդյունքներով, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը Հայաստանում` հաշվի առնելով գնողունակության համարժեքությունը, կազմելու է 11 հազար 83 դոլար։ Կանխատեսվում է, որ Վրաստանում այն կլինի 12 հազար 227 դոլար, իսկ Ադրբեջանում` 18 հազար 616 դոլար։ Տարբերությունները մի դեպքում` 1,1, մյուս դեպքում` 1,7 անգամ է։

Անշուշտ, մեր խնդիրը չէ ցույց տալ, որ Հայաստանում բնակչության սոցիալական վիճակը, առնվազն 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով` հաշվի առնելով գնողունակության գործոնը, ավելի վատ է, քան Վրաստանում, առավել ևս` Ադրբեջանում։

Այն, ինչ ունենք, իսկապես մտահոգիչ է։ Ու պետք է աշխատել այդ իրավիճակը շտկելու համար, և ոչ թե՝ հիմնվելով կանխատեսումների կամ գնահատականների վրա` հասարակության մոտ տպավորություն գործելու ակնկալիքով հայտարարել, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով արդեն անցել ենք Վրաստանին, իսկ տարին դեռ չսկսած` ասել, թե տարեվերջին անցնելու ենք նաև Ադրբեջանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել