168.am-ը գրում է․

«Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ, ուռոլոգ Գևորգ  Գրիգորյանի համոզմամբ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իրեն պահում է նախարարին ոչ վայել, իսկ այդ ոչ վայել պահվածքի ապացույցն Armnews.am-ի եթերում նախարարի գործունեությունն ամփոփող ռեպորտաժին Թորոսյանի արձագանքն է։

«Արսեն Թորոսյանն իր այդ արձագանքով արժեզրկում է պետական պաշտոնը։ Նրա ասածն այլ՝ ավելի հասուն և ադեկվատ նախարարների ասածների կողքին դնելու և դիտարկելու էլ չի։ Ցավալի է, որ նախարարն այդկերպ է արձագանքում, սակայն Արսեն Թորոսոյանի կողմից դրանք ոչ առաջինը, ոչ էլ վերջինն են. իսկ դա արդեն խնդիր է բոլորիս համար էլ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  Գևորգյանը՝ չցանկանալով  նախարարի մեկնաբանության հետ կապված այլ բան ասել։

Նշենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակված տեսանյութի վերաբերյալ նշել էր. «Իհարկե, դժվար է պատկերացնել ապատեղեկատվության նման խտացում մի քանի րոպեների մեջ, բայց կարծես թե կրտսեր Մինասյանի իր երբեմնի մեդիա-կայսրությանը տրված` ամեն գնով ինձ և մեր քաղաքականությունը վարկաբեկելու հրահանգը դեռ ուժի մեջ է, իսկ քսակը` լիքը: Ռեպորտաժ կոչվող «մեդիա-աղբին» ավելի մանրամասն և ըստ էության կանդրադառնանք հաջորդիվ»: Նախարարը ըստ էության չէր ներկայացրել  որևէ հակափաստարկ ռեպորտաժում բերված պաշտոնական թվերի վերաբերյալ։

Նկատենք նաև, որ  Արսեն Թորոսյանի այս գրառմանն արձագանքել է նաև «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը՝ կոչ անելով նախարարին մնալ քաղաքական ու մասնագիտական կոռեկտության սահմաններում և զերծ մնալ լրատվամիջոցների հետ հոխորտանքների լեզվով շփվելու արատավոր գործելաոճից:

«ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ հրապարակված տեղեկատվության կամ կարծիքի մասով պետական պաշտոնյան կարող է լրատվամիջոցներից հերքում պահանջել կամ հրապարակված նյութի մասով սեփական տեսակետը ներկայացնել»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել