168.am-ը գրում է․

168.am-ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, համահիմնադիր, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը։

– 2019 թվականի քաղաքական տարին ինչպիսի՞ն էր Հայաստանի համար, ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ եք արձանագրել։

– Եթե պատկերավոր փորձեմ պատասխանել հարցին, ապա 2019 թվականը մեկ դերասանի, կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ մեկ խեղկատակի թատրոնի տարի էր:

2019 թվականին վարչապետն ինքն իրեն նույնականացրեց ժողովրդի հետ, որպեսզի հետագայում «ժողովրդի» իշխանությունը փորձեր տարածել ԱԺ-ի վրա: Ու պետք է ասել, որ ԱԺ-ի վրա ժողովրդի իշխանությունը տարածելու վարչապետի օպերացիան շատ հեշտ ու հանգիստ անցավ:

Երկրորդ հանգրվանը՝ «ժողովրդի» իշխանությունը դատական համակարգի վրա տարածելու փորձն էր, որը ձախողվեց: Նախ՝ մայիս ամսին, առաջին անգամ ժողովուրդն այլևս չանսաց վարչապետի  կոչին ու թողեց նրան մենակ: Երկրորդ՝ վարչապետի պետականաքանդ նախաձեռնությունը շատ լուրջ դիմադրության արժանացավ նաև տարբեր դատավորների ու Սահմանադրական դատարանի կողմից:

Այս ձախողումը, սակայն, վարչապետին չսթափեցրեց, ու նա շարունակեց տոտալ իշխանություն հաստատելու իր՝ կրկնում եմ, պետականաքանդ փորձերը, որոնք հետագայում պետք է տարածվեին  նաև չորրորդ իշխանության, Արցախի, եկեղեցու վրա:

– Հեղափոխության օրերին օրվա իշխանության տված խոստումներից որո՞նք իրականություն դարձան վերջին մեկ տարվա ընթացքում։

– Նախ՝ որևէ հեղափոխություն Հայաստանում տեղի չի ունեցել, հետևապես՝ նաև չեն եղել հեղափոխական օրեր: Հայաստանում տեղի է ունեցել իշխանության անցնցում, պայմանավորված ոչ ստանդարտ փոխանցում: Ինչ վերաբերում է խոստումներին, ապա այստեղ պետք է առանձնացնել երկու տիպի խոստումներ.

Խոստումներ որոնք  մակերեսային, տեխնիկական էին, և խոստումներ, որոնք բովանդակային, խորքային էին:

Տեխնիկական խոստումների իրականացման մասով, ամեն ինչ, կարծում եմ, կարգին է: Օրինակ, խոստացել էր, որ կառավարության նիստերը կլինեն բաց՝ կառավարության նիստերը բաց են, հեռարձակվում են:

Թիմակիցներին խոստացել էր, որ՝ ես որևէ կերպ չեմ մասնակցելու երկիրը կառավարելու ընթացիկ պրոցեսին, խոստումը կատարել է:

Կարելի է երկար այսպես թվարկել տեխնիկական խոստումները, որոնք իրականություն են դարձել:

Ինչ վերաբերում է բովանդակային խոստումներին, այստեղ պատկերն այլ է:

Հպարտ քաղաքացին պետք է սկսեր լավ ապրել, սակայն քաղաքացու կյանքը բովանդակային որևէ փոփոխության չենթարկվեց, ոչ էլ սպասում կա, որ կարող է ենթարկվել:

Ներդրումների բում պետք է տեղի ունենար. Ներդրումները սկսեցին տասնապատիկ նվազել:

Կոռուպցիան պետք է արմատախիլ աներ. Հայաստանում քաղաքական կոռուպցիայի այն աստիճանը, որն առկա է հիմա, չի եղել երբեք:

Պետք է ձևավորվեր մերիտոկրատ, արժանավորների իշխանություն, սակայն ձևավորվեց Հայաստանի պատմության ամենաանարժան, հակամերիտոկրատիկ իշխանությունը:

– Ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության աշխատանքը։ Եթե որոշ հարցերում իշխանությունները ձախողել են, այդտեղ ընդդիմությունն իր մեղքի բաժինն ունի՞։

– Նախ՝ պետք է ասեմ, որ Հայաստանի պառլամենտը քաղաքական պրոցեսներից դուրս է, քաղաքական պրոցեսների վրա ազդեցություն չունի: Հետևաբար՝ քաղաքական պրոցեսների վրա ազդեցություն չունեցող մարմնում չեն կարող լինել ուժեր, որոնք առանձին վերցրած ազդեցություն ունեն քաղաքական պրոցեսների վրա  ու սա լուրջ ձախողում է:

Նաև  պետք է ասեմ, որ նորից օրակարգ է նետվում ընդդիմադիր, հիմնականում՝ արտախորհրդարանական ուժերի համախմբման կեղծ օրակարգը: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է պետք կամ պարտադիր, որ  ընդդիմությունը համախմբվի, ինչո՞ւ պետք է փորձել համատեղել անհամատեղելին:

Պետք է տեղի ունենա քաղաքական գաղափարի գեներացիա ու այդ գաղափարի շուրջ տվյալ գաղափարը գեներացրած ուժի ու ազգի կամ նրա մի ստվար հատվածի համախմբում: Այ սա պետք է լինի առաջնային: Առաջիկա իմ հարցազրույցներից մեկում մանրամասն կանդրադառնամ, թե ինչպես եմ պատկերացնում այդ գործընթացը, և, թե որը պետք է լինի այդ գաղափարը:

– 2020 թվականին ի՞նչ զարգացումներ ու մարտահրավերներ են սպասվում Հայաստանին։

– Հայաստանի առջև բազմաթիվ  ներքին խնդիրներ, արտաքին մարտահրավերներ են ծառացած: Այս խնդիրները լուծելուն անընդունակ, մարտահրավերներին անպատրաստ իշխանությունը ևս մեկ խնդիր է ու լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար:

Ես ինքս ակնկալում եմ, որ  2020 թվականին տեղի կունենա հստակ գաղափարի շուրջ կոնկրետ քաղաքական ուժի կամ ուժերի ու ազգի մի ստվար մասի կոնսոլիդացում:  Չեմ ուզում ասել՝ կոնտրէլիտայի ձևավորում տեղի կունենա, որովհետև կոնտրէլիտա, այնուամենայնիվ, նշանակում է՝ քաղաքական էլիտայի առկայություն, որը Հայաստանում չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել