Pastinfo.am-ը գրում է․

Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին 2019 թվականի ընթացքում տրվել է շուրջ 125 մլն դրամի պարգեւատրում եւ դրամական օգնություն։

Այսպես՝ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Կոտայքի մարզպետարանի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ 2019թ-ին պարգեւատրվել է Կոտայքի մարզպետարանի 126 աշխատակից, իսկ պարգեւատրման ֆոնդը կազմել է 115141.0 հազար դրամ, որից 23.988.1 հազար դրամը՝ 122 աշխատակցին տրված ամանորյա պարգեւատրման գումարն է։

Պարգեւատրվածների մեծ մասը՝ 122 աշխատակից, պարգեւատրվել է երեք եւ ավելի անգամ։ Սրան զուգահեռ եւս 34 աշխատակցի, պարգեւատրումից բացի, տրվել է նաեւ նյութական օգնություն՝ 10434.5 հազար դրամի չափով։

Պաշտոնական պատասխանից տեղեկանում ենք, որ Կոտայքի մարզպետը, տեղակալներն ու գլխավոր քարտուղարը ամանորյա պարգեւատրումներ չեն ստացել։ Ասել է թե՝ Կոտայքի մարզպետարանը չի փորձել թաքնվել օրենքների հետեւում՝ ի տարբերություն Շիրակի մարզպետարանի։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Շիրակի մարզպետարանը շուրջ 187 մլն դրամի պարգեւատրում է տվել իր աշխատակիցներին, սակայն մի շարք այլ հարցերի հրաժարվել էր պատասխանել՝ վկայակոչելով «Անձնական տվյալների պաշտպանության» մասին ՀՀ օրենքը, թեեւ անհատական որեւէ տվյալ չէր հայցվել, այլ թե ինչպես են ծախսվել հանրային միջոցները։ Այսինքն` այն տեղեկությունները, որը Կոտայքի մարզպետարանը տրամադրել է առանց խախտելու օրենքը։

Գրավոր հարցմանն ի պատասխան Կոտայքի մարզպետարանից հայտնել են նաեւ, որ Ամանորյա խնջույք կազմակերպվել է, բայց անձնական միջոցներով, որին մասնակցությունը եղել է ըստ ցանկության։ Միջոցառումն անցկացվել է Բալահովիտ համայնքում գտնվող «Արմենիա» պանդոկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել