168.am-ը գրում է․

«Դիանա Հարությանյան» ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ ինքնությունը բացահայտելուց և նրան ձերբակալելուց հետո հրապարակվեց ԱԱԾ հաղորդագրությունը և ձերբակալված անձի ինքնախոստովանական ցուցմունքի տեսագրությունը, որտեղ անանուն օգտատերը (ԱԱԾ-ն չի հրապարակել տվյալ անձի անունը) խոստովանել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գրառումը, կատարել է իշխանություններին վարկաբեկելու համար, քանի որ ունի ընդդիմադիր հայացքներ և կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն արդարացի չէ։

Տեսանյութը հրապարակելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը  aravot.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ Երկրորդ նախագահի գրասենյակը և Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունեն կեղծ օգտատիրոջ հետ։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում կեղծ տեղեկություն էր հրապարակվել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի սպանելու համար։ Իրականությանը չհամապատասխանող լուրը տարածվել էր ադրբեջանական և իրանական լրատվամիջոցներում։

168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանն ասաց, որ փաստաբանական խումբը դեռևս չի քննարկել՝ արդյո՞ք հետամուտ կլինեն հասկանալու, թե ինչու հայտնաբերված կեղծ օգտատիրոջ անունը կապեցին Քոչարյանի հետ։

«Բայց դա այդքան էլ մեր գործը չէ, որ ամեն մեկը վեր կենա ու ինչ-որ բան ասի, մենք էլ սկսենք հետամուտ լինել, դեռ կքննարկենք ու կհասկանանք։ Եթե որևէ հայտարարության կարիք լինի, ապա հայտարարություն կտարածենք։ Մնացածի մասին նույնիսկ ցանկություն էլ չկա մեկնաբանություն անել»,- շեշտեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ այս աղմուկը որևէ ազդեցություն չպետք է ունենա Ռոբերտ Քոչարյանի գործի քննության վրա. «Բայց այնպես է ստացվում, որ վերջին ժամանակներում ամեն ինչ էլ կարող է լինել»,- եզրափակեց միտքը Արամ Օրբելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել